Ընտրացանկ
Ազդագիր
Մշակութային ժառանգության պահպանություն
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ >> Մշակութային ժառանգության պահպանություն

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 Գրադարաններ

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 1997 թվականին ընդունած որոշումներով գրադարանային համակարգի կենտրոնական գրադարանները վերակազմավորվել են շրջանային գրադարանների: Ոլորտում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության 2 (Մ. Մաշտոցի անվան հանրապետական և Հովհ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարաններ), 7՝ շրջանային, 180՝ դպրոցական և 1 համայնքային գրադարան, գործում են նաև բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 5 գրադարաններ:

   ԼՂՀ-ում 2006 թվականից սկսվել է գրադարանների տեխնիկական վերազինման գործընթացը:

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից դեռևս ցածր է ժամանակակից ընթերցողական պահանջարկին համապատասխան գրականության համալրումը:

Գրադարանային կադրերի պատրաստման համակարգը չի համապատասխանում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկային և պահանջներին:

Առաջիկա տարիներին կշարունակվեն ֆինանսական միջոցների նպատակային հատկացումները գրադարանների նյութատեխնիկական բազայի վերազինման, արդի ժամանակաշրջանի գրականության համալրման, գրադարանային հավաքածուների պահպանվածությունն ապահովող ջերմախոնավային կայուն մթնոլորտի ապահովման, գրքերի կոնսերվացման ու վերականգնման աշխատանքների համար:

Ոլորտի զարգացման ԼՂՀ  պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային ավտոմատացման ցանցի և միասնական տեղեկատվական բանկի ստեղծում՝ հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և տեղեկատվության տրամադրման օպերատիվության ապահովում

2) գրադարանային համակարգի համընդհանուր էլեկտրոնային քարտավորում և միասնական էլեկտրոնային գրադարանի ձևավորում

3) գրադարանային հավաքածուների թվայնացված տարբերակի ստեղծում, ինտերնետային կապի միջոցով գրադարանային հավաքածուների մատչելիության ապահովում

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային հավաքածուների պահպանություն, օգտագործում, մասնավորապես՝

1. գրադարանների կառավարման և տնտեսական պայմանների բարելավում

2. հանրապետության գրադարանային ցանցի դասակարգում

3. Գրադարանների ֆինանսավորման մեխանիզմների բարելավում

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային հավաքածուների պահպանության և օգտագործման պետական հաշվառման միասնական ձևավորված համակարգի ներդրում:

 

Պատմամշակութային անշարժ ժառանգություն

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի լիազորությունները վերապահված է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությանը:

Գործող օրենսդրական համակարգը հենվում է “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ԼՂՀ օրենքի վրա:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

Ոչ նյութական (հոգևոր) մշակութային ժառանգության պահպանությունը մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, այդ թվում՝ ժողովրդագրության, ազգային դիմագծի, ինքնության պահպանման կարևոր բաղկացուցիչը: Դա անցյալում ստեղծված, պահպանվող, կիրառվող և բանավոր ճանապարհով փոխանցվող ավանդական մշակութային արժեքների ամբողջություն է, որը դրսևորվում է հիմնականում երեք ուղղություններով՝ բանահյուսություն, ազգագրություն, ժողովրդական կիրառական արվեստ և արհեստներ:

Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող նյութեր հիմնականում պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային գործի վարչությունում և հանրապետության որոշ թանգարաններում, անհատ բանահավաքների անձնական հավաքածուներում կամ հասարակական առանձին խմբերի պահպանության ներքո:Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, զարգացումը և տարածումը այսօր դիտարկվում է մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հիմնակակն խնդիրներն են`

1) «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունում և դրանից բխող ենթաօրենսդրական համապատասխան ակտերի մշակում,

2) ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ու կիրառում,

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով մշակույթի տների կառուցում, վերակառուցում, նյութատեխնիկական բազայի ստեղծում, համալրում և արդիականացում,

4) ուսուցման և վերապատրաստման միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցում,

5) միջազգային մշակութային կապերի ստեղծում, ընդլայնում և փոխանակումների կազմակերպում,

6) ժողովրդական արվեստի և արհեստների զարգացման վերաբերյալ պետական տեսակետի հստակեցում:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...