Ընտրացանկ
Ազդագիր
Պատմությունը
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ >> Պատմությունը

Արցախը պատմական Հայաստանի հնագույն նահանգներից մեկն է, որը զբաղեցնում է Հայոց արևելից կողմանց լեռնային հատվածը:

Ջրառատ գետերով, սաղարթախիտ անտառներով և բարեբեր դաշտերով հարուստ այդ երկրամասը դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից, այդուհանդերձ նշանակալից դեր է խաղացել հայ ժողովրդի քաղաքական պատմության և մշակույթի զարգացման գործում:

Բազմաթիվ հայորդիներ մեծ դժվարությամբ, հաճախ նույնիսկ արյան գնով պահել-պահպանել են ձեռագիր մատյաններ, կտավներ, գորգեր և պատմա-մշակութային այլևայլ մասունքներ, որոնք այսօր զարդարում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի մի շարք հայտնի թանգարաններ ու ցուցասրահներ:

Դեռևս 5-րդ դարում արցախահայությունը պայքարի է ելնում պարսկական տիրապետության, իսկ 9-րդ դարում` արաբական բռնակալության դեմ: Սկսած 11-րդ դարի 40-ական թվականներից պայքարն ընթանում էր սելջուկյան վաչկատուն ցեղերի ասպատակությունների ու նվաճումների դեմ, որի արդյունքում, ի թիվս այլ նահանգների, ազատագրվում է նաև Արցախը` որոշակի պայմաններ ստեղծելով սոցիալական կյանքի ու մշակույթի զարգացման համար: Սակայն 13-րդ դարի կեսերին սկսվում են մոնղոլական արշավանքները, որոնք մեծապես արգելակում են մշակութային կյանքի առաջընթացը: Գնալով նվազում են քաղաքական ու տնտեսական մաքառման հնարավորությունները: Արցախի պետական ու վարչական համակարգը աստիճանաբար կորցնում է իր ամբողջականությունը:

Արդեն 15-րդ և հատկապես 16-17-րդ դարերում, նահանգի վարչական իշխանությունները մասնատվում են և վերածվում գավառական միավորումների, հանձինս մելիքությունների, որոնք իրենց մեջ են պահում հայ պետականության վերջին բեկորները:

Արցախյան մշակույթի զարգացման մեխանիզմը պետք է դիտել հայ ժողովրդի և նրա մշակույթի պատմության համատեքստում:

Խոսելով արցախյան մշակույթի մասին, նախ պետք է հիշել նրա հարուստ գրականությունը, որի սկզբնավորումը կապվում է հայ մատենագրության ճանաչված դեմքերից մեկի ` Համամ Արևելցու /Բարեպաշտի/ անվան հետ /9-րդ դար/:

Արցախի միջնադարյան մշակույթի մեջ լայն տարածում են ստացել դեկորատիվ-կիրառական արվեստները` կենցաղային գործունեության իրերը, որոնք իրենց ընդհանուր ձևով ու նախշազարդերով նմանվում են Հայաստանի մյուս նահանգների համանման իրերին /գավաթներ, սափորներ, սկուտեղներ, տաշտակներ, մոմակալներ, տոնական տարազի տեսակներ/:

Արցախցիները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատկապես մանրազարդումներին, որոնք նկատելի են հատկապես ճարմանդներ ունեցող արծաթյա /երբեմն ոսկեզօծ/ գոտիների, գլխի թասակների ու կանացի զարդերի վրա: Մեծամասամբ դրանք աչքի են ընկնում բուսական և երկրաչափական` հաճախ միահյուսված կենաց ծառի, հարատևության նշանների, կենդանապատկերների և թռչնապատկերների հետ: Թեև Արցախի քաղաքական պատմությունը նպաստավոր չի եղել դեկորատիվ ու մանր արվեստների ողջ ժառանգությունը պահպանելու համար, բայց այն ինչ հասել է մեզ չափազանց արժեքավոր է:

Հիշատակենք առաջին հերթին մեր ձեռագիր մատյանների կաշվե ու մետաղյա կազմերը, որոնց վրա երբեմն տեղադրվել են արծաթե պատկերազարդ սալիկներ: Թանկարժեք քարերով զարդարված ոսկեզօծ, արծաթյա կազմ է ունեցել «Թարգմանչաց» նշանավոր ավետարանը (1301թ.): Կիրառական արվեստի գեղեցիկ մի նմուշ է Հասան Ջալալ իշխանի դաշույնի մուգ կանաչ նեֆրիտե երախակալը (բռնակ), որն այժմ պահվում է Էրմիտաժում: Այն արված է բուսամոտիվների նրբին նախշազարդերով, պարունակոււմ է փորագրություն`«Հասան Ջալալ իշխան Խաչենոյ»:

Դեկորատիվ կիրառական արվեստի` Արցախում լայն տարածում գտած ճյուղերից է բրդագործությունը, որոնց մասին հիացմունքով են խոսում հայ և օտարազգի պատմիչները:

Հայկական գորգի պատմության մեջ մի առանձին խումբ են կազմում «Արցախյան տեսակները»: Մի շարք մասնագետներ արցախյան գորգի պահպանված հին նմուշները կապում են 13-14-րդ դարերի հետ: Հիշատակագրություն ունեցող հայկական հնագույն գորգը ընդունված է համարել 1202 թվականից: Այն ստեղծվել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղում: Գորգի ճարտարապետական-եռախորան հորինվածքը` միահյուսված բուսական նախշազարդերի հետ, չափազանց հարազատ է Արցախի 13-14-րդ դարերի արվեստի սովորույթներին:

Արցախյան գորգերը ոճական ու պատկերային սկզբունքներով կազմում են մեկ ամբողջություն: 17-19-րդ դդ. Արցախում զգալի տեղ են գրավում «Արծվագորգերը»` ստեղծված «Վիշապագորգի»  հենքի վրա: Արցախյան «Վիշապագորգերից» մի նմուշ ներկայումս պահվում, ցուցադրվում է Մյունխենի ազգագրական թանգարանում: Մի առանձին խումբ են կազմում «Օձագորգերը», որոնց նախշազարդ մակերեսի շրջանակների մեջ արտահայտված են կենդանական կամ աշխարհի ծագման ու հավերժության գաղափարներ:

Գորգարվեստի հետ սերտորեն կապված է ձեռագործ վարագույրների պատրաստումը` ասեղնագործությունը, ապլիկացիանները, հագուստների հյուսած զարդանախշերը: Կ. Գանձակեցին հիացմունքով է նկարագրում Հաթերքի Վախթանգ իշխանի կնոջ` բարեպաշտ տիկին Արզուխաթունի հյուսած ձեռագործերը:

Արցախի մշակութային կյանքի հետաքրքրական երևույթներից է որմնանկարչության արվեստը: ՈՒշագրավ է 1214թ. կառուցած Դադիվանքի կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Արցախում մեծ տարածում էր գտել նաև ձեռագիր մատյանների ընդօրինակման և պատկերազարդման սովորույթը: Գրչության նշանավոր կենտրոններից մեկը Հայոց Արևելից կողմաց կաթողիկոսանիստ Գանձասարի վանքն է: Մեծ թվով ձեռագրեր են պահպանվել նաև Ծարի Գետամիջո, Գտչավանք, Ամարաս, Խաթրավանք և այլ հնագույն համալիրները:

Արցախի քաղաքական կյանքի համեմատաբար կայուն վիճակը նպաստում էր նաև մանրանկարչության արվեստի վերելքին, որը սկսում է 13-րդ դարից և ընդգրկում 14-15րդ դարերը: 13-րդ դարի առաջին կեսին պատկերազարդված ձեռագրերը, /մասնավորապես/ մատենադարանի N 378 ավետարանը, 1212թ. ձեռագիրը, որը կոչվում է Վաղթանգ Խաչենցու անունով, 1224թ. ավետարանը /իշխանուհի Վանենի Ջաջրո անունով/ ստեղծվել են Արցախի նշանավոր գրչկենտրոններում: Ոչ պակաս ինքնատիպ են մանրանկարիչների ոճական առանձնահատկությունները: Արցախի պատմա-ճարտարապետական հուշարձաններն այսօր համաշխարհային համբավ ու նշանակություն են ձեռք բերել: Դեռևս 4-րդ դ. սկզբներին Գրիգոր Լուսավորիչը Ամարաս գավառում հիմնադրել է վանք, որի կառուցումը ավարտել է նրա թոռ Գրիգորիս Եպիսկոպոսը: Խորհրդանշական է, որ 5-րդ դարի սկզբներին, Մեսրոպ Մաշտոցը Ամարաս գավառում բացել է Արցախի առաջին դպրոցը: Արցախի և ողջ Հայոց ճարտարապետության փառքն են կազմում Գանձասարի վանքը, Դադիվանքը, Եղիշ առաքյալի, Խաթրավանքի, Գտչավանքի և այլ հուշարձան-համալիրներ, որոնք միաժամանակ հանդիսացել են հոգևոր, կրթական ու մշակութային խոշոր կենտրոններ: Գանձասարի վանքը /1216-1238թթ./ Ախթամարից հետո հայ իրականության մեջ քանդակազարդման հարստությամբ դիտվում է երկրորդ հուշարձանը: Տաճարի որմերի արտաքին մակերեսների վրա պատկերված են աստվածաշնչյան հորինվածքներ: Գեղարվեստի կատարելություն ունեցող այս հուշարձանը վաղուց է գրավել մասնագետների ուշադրությունը: Այն բարձր է գնահատել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Շարլ Դիլը, իսկ Ա. Յակոբսոնը /Պետերբուրգ/ Գանձասարը համարել է Հայկական ճարտարապետության հանրագիտարան:

Գեղարվեստական հարուստ հարդարանք ունեցող մյուս հուշարձանը Դադիվանքն է /13-րդ դ./: Տաճարի հարավային ճակատի լուսամուտների երկու կողմերում իշխանազուններ Հասանի և Գրիգորի քանդակներն են, որոնք ձեռքերին բռնել են կառույցի մանրակերտը: ՈՒրույն մի խումբ են կազմում արցախյան խաչքարերը, որոնք հայկական արվեստի թերևս ամենաինքնատիպ արտահայտությունն են: Հայտն են Դադիվանքի, Գանձասարի վանքի, Գտչավանքի ասեղնագործ խաչքարերը, Հավապտուկ, Խաթրավանք, Կոշիկ անապատ, Մեծառանից վանք, Բռի Եղցի և այլ վանական համալիրների խաչքարերը: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն խաչքար-հուշակոթողները, որոնց ժանյակահյուս զարդերի մեջ պատկերված են աշխարհիկ մոտիվներ, մեկենասների պատկերներ, զինվորական տեսարաններ: Դրանք բնորոշ են միայն Արցախ երկրամասին:

Խաչքարերի հետ օրգանապես կապված են միջնադարյան տապանաքարերը, որոնց նշանկությունը չի սահմանափակվում միայն քարգործ վարպետների գեղարվեստական ճաշակի ու հմտության աստիճանով: Պատկերներում արտացոլվում են բնակչության կենցաղի, ծեսերի, առօրյա զբաղմունքների, մասնավորապես զինավարժությունների ու որսի տեսարանները, տարազը և այլն: Տապանաքարերի վրա տխուր հիշատակագրությունների փոխարեն կյանքի ու պայքարի դրսևորումների, նույնիսկ երաժիշտ-նվագածուների պատկերումը յուրօրինակ կերպով արտահայտել է ժաղովրդի լավատեսության, հարատևության, արդարության և հույսի գաղափարը:

Արցախում ստեղծված բարձր արվեստն ու գրականությունը պատիվ կարող է բերել ամեն մի քաղաքակիրթ ժողովրդի` իրավունք վերապահելով նրան պատվավոր տեղ գրավելու համաշխարհային մշակույթի թանգարաններոմ:

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...