Ընտրացանկ
Ազդագիր
Զբոսաշրջային ոլորտի զարգացում. նոր հեռանկարներ

Այսօր՝ մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորեց հայաստանյան և արցախյան զբոսաշրջությունը մեկ ընդհանուր զբոսաշրջային արդյունքի արտահանման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: <<Զբոսաշրջության ոլորտում սերտ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի, իսկ հուշագրի ստորագրումով համագործակցությունը կտեղափոխվի նաև ինստիտուցիոնալ դաշտ>>:Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթույցյանն էլ ընդգծեց ներգնա տուրիզմի զարգացման անհրաժեշտությունը.<<Բազմիցս եղել եմ Արցախում որպես զբոսաշրջիկ և մեծապես տպավորված եմ եղել ընդունելությունից: Վստահ եմ՝ մեր համերկրացիները, այցելելով Արցախ, ոչ միայն կծանոթանան պատմամշակութային արժեքների հետ, այլ նաև կբացահայտեն արցախցուն՝ ջերմ ու հյուրընկալ: Իսկ զբոսաշրջիկներին հաճախ առավել գրավում է հենց ընդունելությունը >>:Հուշագրի ստորագրումից հետո լրագրողները հնարավորություն ունեցան անկաշկանդ մթնոլորտում հարցեր ուղղել:Ընդհանրացնելով հանդիպումը՝ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի մեր երկիրը զբոսաշրջիկների համար դարձնել առավելապես գայթակղիչ:

Հուշագրի ստորագրումը կնպաստի զբոսաշրջության բնագավառում պետական և մասնավոր հատվածի համագործակցությանը` զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով , զբոսաշրջության բնագավառի վիճակագրության, զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության, գովազդային նյութերի փոխանակմանը, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը զբոսաշրջության, մասնավորապես զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի, ինչպես նաև հյուրանոցային գործի կառավարման բնագավառներում, ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

Վերջին հայտարարություններ