Ընտրացանկ
Ազդագիր
Կալիֆոռնիայի համալսարանում կներկայացվի արցախյան մշակույթը

Այսօր ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց Կալիֆորնիայի համալսարանի /UCLA/ աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների ավագ դասախոս Փոլ Վան Բլումին և <<Ասպարեզ>> թերթի խմբագիր Արա Խաչատրյանին:

Նախարարը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Փոլ Վան Բլումին հայանպաստ գործունեության, մասնավորապես հրապարակավ Հայոց ցեղասպանության ու դրա ճանաչման խնդրով զբաղվելու համար:Կալիֆոռնիայի համալսարանի դասախոսն առաջին անգամ է Արցախում, տիկնոջ հետ: Նա տպավորված է արցախյան հարուստ ու հին մշակույթով և համագործակցության առաջարկ արեց. իր դասախոսությունների ու հանդիպումների շրջանակում պարբերաբար ներկայացնել Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը և ժամանակակից մշակույթը: Նախարարը խոստացավ տրամադրել գրականություն, հավաստի տեղեկություններ ու նյութեր, լուսանկարներ ու տեսգրություններ, որոնք Փոլ Վան Բլումը կօգտագործի դասախոսությունների ընթացքում և իր հեղինակային հոդվածներում:Քննարկվեց նաև սփյուռքահայ մամուլում հեղինակություն վայելող <<Ասպարեզ>> թերթի հետ համագործակցության հեռանկարը: Թերթի խմբագիր Արա Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց հրապարակելու արցախյան մշակութային կյանքին ու ոլորտի զարգացումներին վերաբերող նյութերը, այդպիսով նպաստելով Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարների շրջանում Արցախի ու ստեղծագործ արցախցիների մասին իրական պատկեր ստեղծելուն:

Վերջին հայտարարություններ