Ընտրացանկ
Ազդագիր
Արցախյան հանդիսատեսը շուտով կվայելի երկու հրաշալի համերգ

Հերթական աշխատանքային հանդիպումը նախարար Սերգեյ Շահվերդյանը սկսեց Երևան կատարած աշխատանքային այցի արդյունքի ներկայացմամբ.

-         պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի այցն Արցախ,

-         ամերիկահայ երգիչ Գառնիկ Սարգսյանը համերգ կունենա  Արցախում:

Հասմիկ Պապյանի այցը չի սահմանափակվի միայն համերգով: Նա մի քանի օր շարունակ հանդիպումներ կունենա Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատությունների սաների և դասատուների հետ՝ անցկացնելով վարպետության դասեր: Հանրահայտ սոպրանոն նաև կայցելի շրջաններ:

Հայրենասիրական երգերի կատարող Գառնիկ Սարգսյանի համերգը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա ԱՀ ՄԵՀԶ նախարարության և   ՀՅԴ-ի արցախյան գրասենյակի աջակցությամբ:

Առջևում թանգարանների միջազգային օրն է, նախատեսվում է միջոցառումներ շարք Արցախի բոլոր թանգարաններում, պատկերասրահներում:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Հստակեցվել է ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող համույթների և ՊՈԱԿ-ների՝ Արցախի բոլոր շրջաններում նախատեսվող ելույթների ժամանակցույցը: Համերգային  շրջագայությունները կմեկնարկեն մայիսի 15-ից՝ ընդգրկելով մինչև հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Խորհրդակցության ավարտին Սերգեյ Շահվերդյանը հանձնարարեց սկսել ամենամյա Գինու փառատոնի նախապատրաստությունները, մասնավորապես՝ վերանայել ու թարմացնել փառատոնի անցկացման  ծրագիրը:

Վերջին հայտարարություններ