Ընտրացանկ
Ազդագիր
«Անչափ կարևոր է ստեղծել մշակութային միջավայր, և ոչ թե պարզապես միջոցառումներ կազմակերպենք»

Ապրիլի 21-ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի մոտ հյուրընկալվել էին «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» անդամները՝ հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանի գլխավորությամբ:Նախարարը ողջունեց հյուրերին՝ կարևորելով նրանց հերթական այցն Արցախ:«Մենք մշտապես զգում ենք ՀՀ մշակույթի նախարարության ու մշակույթի գործիչների, արվեստագետների թիկունքը: Կարևոր է, որ այդ աջակցությունը նաև ինստիտուցիոնալ մակարդակում է: Փորձի փոխանակման ու մեթոդական աջակցության այս ծրագրի կարևորությունն ընդգծվում է հատկապես շրջանների ընդգրկվածության առումով, քանզի մենք փորձում ենք ընդլայնել մեր ներկայությունը շրջաններում»,- նշեց Սերգեյ Շահվերդյանը:Հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանը ներկայացրեց երկօրյա աշխատանքի տպավորությունները: Նա նշեց, որ հիմնադրամն իր գործունեության հենց սկզբից համագործակցում է Արցախի հետ: 2014թվականից սկսած՝ համագործակցությունն ավելի սերտ է ու պարբերական: Փոխտնօրենի խոսքով՝ Արցախում կան շնորհալի երեխաներ և լավ երաժիշտ-մասնագետներ, ովքեր կարող են զարգացնել ոլորտը, և նրանց պետք է աջակցել բոլոր հնարավոր միջոցներով: Հիմնադրամը պատրաստակամ է այդ հարցում:Այս անգամ հիմնադրամի մասնագետները եղան Ստեփանակերտի, Շուշիի, Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ մեթոդական օժանդակությամբ:Սերգեյ Շահվերդյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ նշելով. «Որպես գերատեսչություն, մենք պարտավոր ենք նպաստավոր պայմաններ ստեղծել մշակութային միջավայրի ձևավորման համար: Իսկ ոլորտում առաջընթացը տեսանելի կլինի միայն մասնագետ- արվեստագետների աշխատանքի արդյունքում»:

"Մշակութային կրթության աջակցության" հիմնադրամը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ hանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին ուսումնամեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով, 2008 թվականին: Հիմնադրամը գործում է Երևանի 1 և մարզային 10 ներկայացուցչություններով` համալրած մեթոդիստ մանկավարժներով:

Վերջին հայտարարություններ