Ընտրացանկ
Ազդագիր
«ԵՎԱ» ֆիլմի արցախյան առաջնախաղը

Հոկտեմբերի 25-ին Ստեփանակերտում ՝ Վալեքս Գարդեն հյուրանոցային համալիրի կինոդահլիճում, տեղի ունեցավ արցախյան արմատներով իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» (աշխատանքային անվանումը «Քարվաճառ») ֆիլմի արցախյան սպասված առաջնախաղը։

«Եվա»-ի առաջին ցուցադրությանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, լրագրողներ, ֆիլմի դերակատարները, այդ թվում՝ արցախցի, մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել կամ օժանդակել էին ֆիլմի նկարահանումներին Արցախում:

Մինչ ֆիլմի ցուցադրումը ռեժիսոր Անահիտ Աբադը խոստովանեց, որ իր համար անչափ կարևոր է հատկապես արցախյան հանդիսատեսի արձագանքը, քանի որ ֆիլմը, մեծ հաշվով, Արցախի ու արցախցիների մասին է:

Ֆիլմի ավարտից հետո  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը շնորհավորեց ֆիլմի ստեղծագործական խմբին: Իր հիացմունքը հայտնելով՝ նա հիշեց. նկարահանումների մեկնարկին ոչ ոք չէր պատկերացնում, որ ֆիլմն իրականություն է դառնալու, բացի ռեժիսոր Անահիտ Աբադից: Իսկ այսօր, ահա, այն հուզում է արցախյան առաջին հանդեսին: Նա նաև կարևորեց այս ֆիլմի գոյությունը՝ որպես հայ-իրանական համատեղ կինոարտադրության առաջին ու կայացած փաստ:

Ի դեպ, ամերիկյան կինոակադեմիան  հրապարակել  է Օսկար ամենամյա 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված ֆիլմերի ցանկը, որտեղ ընդգրկված է նաև «Եվան»: Ֆիլմի ստեղծողները հույս ունեն, որ քաղաքական ենթատեքստ չկրող և հումանիստական ու համամարդկային մեսիջներ պարունակող հայ իրանական համատեղ արտադրության այս ֆիլմը կհետաքրքրի ու կհուզի շատերին, այդ թվում և համաշխարհային կինոյի հեղինակավոր հանձնախմբերին:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հետպատերազմյան շրջանում, արցախյան սահմանամերձ գյուղերից մեկում, ուր ժամանակավոր ապաստարան գտնելու նպատակով բնակություն է հաստատում գլխավոր հերոսուհին/դերակատար՝ Նարինե Գրիգորյան /, և նկարագրվում է գյուղի առօրյան՝ հետպատերազմյան իրական վախերով, որոնք ժամանակի ընթացքում դառնում են սովորական, առօրյայի մի մասը:

 

 

Վերջին հայտարարություններ