Ընտրացանկ
Ազդագիր
Կյանքից հեռացել է ԱՀ ժողովրդական արտիստ Աշոտ Բաբայանը

Արցախյան մշակույթը ծանր կորուստ կրեց...

 2017թ. հոկտեմբերի 7-ին  կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարարվեստի նվիրյալ և երախտավոր Աշոտ  Առաքելի  Բաբայանը:

Նշանակալի է  Ա. Բաբայանի դերը Արցախում պարարվեստի  զարգացման,Արցախի պարի պետական համույթի ստեղծման գործում:

Աշոտ Բաբայանը ծնվել է 1946թ.փետրվարի 10-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:

Պարարվեստում առաջին քայլերն սկսել է Ստեփանակերտի Պիոների տանը կից գործող պարախմբում:

1961թ. ընդունվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ, որպես պարող:

1965 թ. մրցութային կարգով ընդունվել է ՀՀ երգի-պարի պետական համույթ, որպես մենակատար:

1965-1969 թթ. Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական բաժնում մասնակցել է դասընթացների:

1969 թ. հրավիրվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ, որպես պարուսույց:

1993թ. նշանակվել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթի տնօրեն-գեղարվեստական  ղեկավար:

2012 թվականից աշխատում էր Արցախի պարի պետական  համույթի  գեղարվեստական  ղեկավարի պաշտոնում:

Իր ողջ ստեղծագործական գործունեությունը Ա. Բաբայանը նվիրաբերել է  Արցախում  հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության պահպանմանը:

Տասնյակ տարիներ ղեկավարելով Արցախի պարի պետական համույթը, նա դաստիարակել է պարարվեստի մի քանի սերունդներ, ովքեր այսօր պարում են Արցախի տարբեր համույթներում, դասավանդում  և կատարում  բեմադրություններ:

2003թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով Ա. Բաբայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

2005թ. նրան շնորհվել է «ԼՂՀ արվեստի վաստակավոր  գործչի», իսկ  2007թ.՝ «ԼՂՀ ժողովրդական արտիստի» պատվավոր կոչումներ:

Հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության շնորհիվ Աշոտ Բաբայանը վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա հիշատակը վառ կմնա Արցախի արվեստասեր հասարակության  հիշողության մեջ:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք  հայտնում հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, սաներին  և նրա արվեստի երկրպագուներին, մաղթում տոկունություն և հոգու կորով:

Ա. Բաբայանի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 12:30-ին, ք. Ստեփանակերտ Մխիթար Գոշ 3 հասցեից:

Վերջին հայտարարություններ