Ընտրացանկ
Ազդագիր
Եվրոպական ժառանգության օրերն Արցախում

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է «Ժառանգությունը և բնությունը. հնարավորությունների բնատեսարան» խորագրով ավելի քան երեք տասնյակ ակցիաներ:

Անցած երկու օրերի ընթացքում Արցախում կազմակերպվել են օրվա թեմաjին համահունչ դասընթացներ և ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ: Միջոցառումները հիմնականում կայացել են համայնքների բնական վայրերում, պետական արգելոցներում, բնական և պատմական հուշարձանների տարածքներում:

Տիգրանակերտի արգելոցում ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ընդգծել է մշակութային ժառանգության վայրերի հասանելիության կարևորությունը և համոզմունք հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության վերաբերյալ:

Եվրոպական ժառանգության օրերը նշվում են 1985 թվականից, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության համար պատասխանատու նախարարների համաժողովի որոշմամբ: Ակցիային միացել են ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը միացել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին և հնագիտական ժառանգության պահպանության մասին կոնվենցիաներին 2015 թվականին:

 

Վերջին հայտարարություններ