Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիի 48 ակնթարթները

  Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքն ստեղծվել է Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի՝  ս.թ. հունիսին մեկնարկած լուսանկարչական նախագծի արդյունքում և նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին:

  Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հիմնադրվել է 1928 թվականին, Կահիրեում: 1991-ից  միությունը ներկայացուցչություն ունի Հայաստանում՝ ի դեմս Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի, իսկ 2017-ից՝ գրասենյակ Արցախում: Հիմնադրամի նպատակը կրթական ու մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման ճանապարհով ազգային դիմագիծ և նկարագիր ունեցող հայի կերտումն է:

  «Շուշի. 48 ժամ» նախագծի հեղինակները  վավերագրող լուսանկարիչ Գերման  Ավագյանն ու Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն են: Նրանց կարծիքով լուսանկարչական այդ պատկերագիրքը նախորդներից տարբերվում է իր  բովանդակությամբ  և մատուցման  ձևով: Նախագծին մասնակցել  են  փորձառու և սկսնակ 10 լուսանկարիչ՝ Հայաստանից, Արցախից և Վրաստանից:

  Նրանց նկարներում Շուշիի 48 ժամվա կյանքն է՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը. լուսանկարները ներկայացված են ժամանակագրությամբ: Ամեն մի լուսանկար  փոքրիկ պատմություն է, յուրօրինակ  ֆոտո-նովել:

  «Այս պատկերագրքի հերոսը մարդն է: Օտար լուսանկարիչների աշխատանքն էլ  կարելի է դիտարկել որպես հայացք դրսից, ինչը նույնպես շատ հետաքրքիր է»,- ողջունելով ներկաներին ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:  

  Արմատներով շուշեցի Սպարտակ Ղարաբաղցյանի բնութագրմամբ Շուշին ածխացած մագաղաթի հոտ ունի և նորածին մանկան բարուրի բույր: Շուշին հայերի Երուսաղեմն է, ու ամեն հայ պարտավոր է թեկուզ 2 օր՝48 ժամ ապրել այնտեղ:

  Նախագծին մասնակցելու հրավերը Յուրի Մեչիտովը (Թիֆլիս) հաճույքով է ընդունել: Վրաստանի մշակույթի նախկին փոխնախարարը, ով նաև Փարաջանովի լուսանկարիչն էր, համոզված է, որ համագործակցությունն Արցախի հետ շարունակվելու է: Լուսանկարիչներ Յուրի Մեչիտովն ու Գերման Ավագյանն արժանացել են Համազգային հայ կրթական և մշակութային  միության մրցանակին:

  «Շուշի .48 ժամ» պատկերագիրքը մինչև տարեվերջ ներկայացվելու է նաև Բեյրութում ու ԱՄՆ-ում:

 

Վերջին հայտարարություններ