Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիում կայացել է Դանիել Դեքերի համերգը՝«Իմ Արցախ» խորագրով

Սեպտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում, ԱՀ մշակույթի և երիտասարդության ու ՀՀ մշակույթի նախարարությունների, «Պատասխան 100 տարի» անց ստեղծագործական հարթակի  աջակցությամբ կայացել է  ճանաչված ամերիկացի կոմպոզիտոր ու երաժիշտ Դանիել Դեքերի համերգային երեկոն՝«Իմ Արցախ» խորագրով:

Անվանի երգչին նվագակցում էր ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Համերգային ծրագրում հիմնականում հայկական, ժողովրդական հանրաճանաչ երգեր էին, որոնք  Դեքերը մատուցեց Լեյլա Սարիբեկյանի, Համլետ Գևորգյանի, Եվա Եգանյանի, Անահիտ Շահբազյանի, Մերի Մնջոյանի, Կարեն Անանյանի հետ զուգերգերով: Երեկոյին կայացել է նաև  Դանիել Դեքերի ու  Արա Գևորգյանի ստեղծագործական երկխոսության արդյունքում ծնված «Արաքս» երգի և Հասմիկ Հախվերդյանի «Իմ Արցախ» ստեղծագործության պրեմիերան՝նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին :

Ծնունդով Պուերտո Ռիկոյից, ամերիկացի Դանիել Դեքերն  իրեն հայ է համարում և հպարտանում հայկական անձնագրով. «Ես անչափ ուրախ ու հպարտ եմ, որ Արցախում եմ ու երգում եմ արցախցիների համար՝արժանանալով նման ջերմ ընդունելության: Այստեղ եմ, որ քաջալերեմ արցախցիներին և ցույց տամ, որ մենք միշտ կանգնած են ձեր թիկունքին: Ես ամենուր խոսում եմ և Ցեղասպանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին  ու  աշխարհի բոլոր հայերին միաբանության կոչ եմ անում »,-հանդիսատեսի հետ ծավալված զրույցում խոստովանել է Դանիել Դեքերը:

Համերգին ներկա էր ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Երեկոյի ավարտին  երիտասարդ արվեստագետ Նարեկ Ալեքյանը, ում  նկարները տեղ են գտել  «Պատասխան՝100 տարի անց»  մատենագրքում, իր կտավներից մեկը նվիրաբերել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին:

 

 

Վերջին հայտարարություններ