Ընտրացանկ
Ազդագիր
Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ»-ն ՝արցախյան բեմում

Սեպտեմբերի 1-ին, Արցախի Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ, Արցախում կայացավ հայ նշանավոր կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի պրեմիերան:

Հարո Ստեփանյանն իր ստեղծագործական ու երաժշտական-հասարակական  բեղմնավոր գործունեությամբ նշանակալի ավանդ է ունեցել հայ երաժշտական արվեստի, ազգային  օպերայի զարգացման գործում:Կոմպոզիտորը մեծապես  նպաստել է հայ երաժշտության արտահայտչամիջոցների ու գաղափարական բովանդակության ընդլայնմանը, հնչողության հարստացմանն ու նորացմանը: Հարո Ստեփանյանն ստեղծեց ասերգական նոր ոճ, որը սերում է հայ գուսանների վերամբարձ երաժշտական արտասանությունից և ընկած է օպերայի ողջ երաժշտաարտասանական ոլորտի հիմքում: «Սասունցի Դավիթ» օպերայում նա հասել է երաժշտական-բեմական գործողության առավել հանդարտ և էպիկական-պատմողական բնույթի կերտմանը, իրադարձությունների, հերոսների, կենսական բախումների պատկերմանը՝  պատմական հեռանկարում:

Շուշիի Ռեալական դպրոցի հրաշագեղ տարածքում «Սասունցի Դավիթ» վիպապատմողական օպերան հնչեց որպես ձոն՝ի հիշատակ հայկական 2 հանրապետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների: Այն հնչեց որպես օրհներգ՝քաջության, որպես հավաստում՝մարդկային ոգու ամրության:

Երաժշտական բացառիկ այս իրադարձությունը կայացավ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար՝Սարինե Ավթանդիլյան, դիրիժոր՝Սուրեն Շահիջանյան/Ֆրանսիա/, ռեժիսոր՝Արմեն Փիրի Մասիհի, խորեոգրաֆ՝Արսեն Մեհրաբյան /Շվեդիա/, անիմացիայի ռեժիսոր՝Սերժ Գաբյան, ոճաբան-գրիմարար՝Սվետլանա Խոմուտովա, Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան  /Գերմանիա/ :  Մասնակցել են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումը և բալետային խումը /բալետի մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան/, Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումը / գեղ.ղեկավար ու խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան  ու «Սպեղանի» աղջիկների երգչախումը/գեղ.ղեկավար՝Սարինե Ավթանդիլյան/:

«Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերային  ներկա էին  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարներ Նարինե Աղաբալյանն ու Արմեն Ամիրյանը, հյուրեր Հայաստանից ու արտերկրից: Տոնական առիթով Արցախ էին ժամանել  նաև Հարո Ստեփանյանի  թոռնուհին՝Կարինե Ստեփանյանը և  մեծանուն կոմպոզիտորի 2 ծոռը՝Մոսկվայից՝ Միքայել Ասլանյանը, Կանադայից՝Ռուբեն Մեյթարջյանը:

Նախագծի հեղինակներն ու աջակիցները համոզված են, որ ինչպես անցած 3 տարիներին, այս անգամ էլ երաժշտական բացառիկ այս իրադարձությունը մեծ արձագանք կունենա Արցախի արվեստասեր ժողովրդի հոգում և հզոր ազդակ կդառնա երաժշտական արվեստի հետագա զարգացման համար:

Վերջին հայտարարություններ