Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիում ավարտվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակի 5-րդ միջազգային սիմպոզիումը

Հուլիսի 19-ին Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել  հուլիսի 1-ին մեկնարկած «Հակոբ Գյուրջյան»  քանդակի 5-րդ  միջազգային սիմպոզիումի փակման  հանդիսավոր արարողությունը:

5–րդ անգամ  Շուշին հյուրընկալեց տաղանդաշատ քանդակագործների՝ աշխարհի տարբեր երկրներից: Սիմպոզիում-2017-ին ծածանվել են Սերբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի  և հայկական երկու հանրապետությունների դրոշները: Արցախյան քարերին դարձյալ շունչ ու հոգի են տվել խաղաղությամբ ու բարի կամքով Արցախ  եկած արվեստագետները՝ 10 քանդակագործ վարպետները (Մայա Ավագյան՝  ՀՀ  ք.Աշտարակ, Անանիա Քոչարյան՝ ՀՀ  ք.Երևան, Աշոտ Երիցյան՝ ՀՀ  ք.Երևան, Իսահակ Ապրեյան՝ ՀՀ  ք. Երևան, Պետրա Լանգ՝ Իտալիա ք.Տրեյա, Կանտա Կիշորե Մոհարանա՝ Հնդկաստան ք. Բհուբանեսվար, Չանդեր Պարկաշ՝ Հնդկաստան  ք.Ուդհամպուր, Մարվա Քենդիլ՝ Եգիպտոս ք.Կահիրե, Գոռ Մադոյան՝ ՀՀ  ք.Երևան, Միհրան Հակոբյան՝ Լեհաստան):

«Հակոբ Գյուրջյան»  քանդակի 5-րդ  միջազգային սիմպոզիումի կայացմանն աջակցել են «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, «Առաջնեկ» ՓԲԸ-ն, «Գաբրո» ԱԿ-ն, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը:

 Հերթական՝ 5-րդ սիմպոզիումն իրականություն դարձավ նաև Գրիգորի Գաբրիելյանցի և իր ստեղծած «Ապագա սերունդների հիմնադրամի» աջակցությամբ: Շուշիի մշակութային հեղինակության վերականգնման գործում մեծ դերակատարություն ունեցող  ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը ողջունելով  ներկաներին ասաց, որ տարեցտարի Սիմպոզիումը նոր թափ է առնում և ավելի կատարելագործվում։

«Շրջափակված Արցախը բաց է աշխարհի առաջ և Քանդակի միջազգային սիմպոզիումն էլ դրա մշակութային դրսևորումներից մեկն է: Եվ դա պատահականություն չէ, այլ ազգային արժեհամակարգից բխող պետական քաղաքականություն: Միջազգային այս համագործակցությունը, մասնագիտական այս երկխոսությունը, ստեղծագործական ահա այսպիսի հարթակի ստեղծումն ամեն անգամ իրողություն է դառնում Արցախ այցելող արվեստագետների շնորհիվ»։  Սրանք էին  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ելույթի հիմնական շեշտադրումները։

Մասնակիցներն Արցախին հրաժեշտ տվեցին Շուշին  խորհրդանշող նվերներով ու պատվոգրերով, որոնք հանձնեցին նախարար Նարինե Աղաբալյանն ու Գրիգորի Գաբրիելյանցը։

Միջոցառման ավարտին, ներկաները շրջեցին Քանդակի պուրակում, ծանոթացան  նորաստեղծ քանդակներին:

 Հ.Գ. Ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Շուշիում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումներ են կազմակերպվել 2011, 2012, 2014  և 2016 թվականներին՝Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից հրավիրված քանդակագործների մասնակցությամբ: Նախորդ 4 սիմպոզիումների ընթացքում կերտվել են 5 տասնյակից ավելի քանդակներ, որոնց հիմնական մասը ցուցադրության է ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի Քանդակի պուրակում, մի քանիսը տեղադրված են Արցախի տարբեր բնակավայրերում: 

Վերջին հայտարարություններ