Ընտրացանկ
Ազդագիր
Մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը

             Հուլիսի 1-ին Շուշիում  կայացել է  «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը։

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ հարթակ է աշխարհի  տարբեր երկրների արվեստագետների համար։  Այն նաև Արցախը մեծ աշխարհին կապող կամուրջ է՝ ամրացած համամարդկային արժեքներով, խաղաղությունը, գեղեցիկն ու բարին գնահատող մարդկանց անկեղծ բարեկամությամբ։

            Քանդակագործության 5-րդ սիմպոզիումին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել  Մայա Ավագյանը /ՀՀ Աշտարակ/, Անանիա Քոչարյանը /ՀՀ, Երևան/, Աշոտ Երիցյանը /ՀՀ, Երևան/, Իսահակ Ապրեյանը /ՀՀ,Երևան/, Պետրա Լանգը/ Իտալիա, Տրեյա/,Միլիյա Չպայակը /Սերբիա, Բելգրադ/, Կանտա Կիշորե Մոհարանան /Հնդկաստան, Բհուբանեսվար/, Չանդեր Պարկաշը /Հնդկաստան, Ուդհամպուր/, Մարվա Քենդիլը /Եգիպտոս, Կահիրե/, Գոռ Մադոյանը /ՀՀ, Երևան/, Միհրան Հակոբյանը /Լեհաստան/։

            Ողջունելով հյուրերին՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը մասնավորապես ասել է․ «Քանդակագործության  միջազգային սիմպոզիումն արդեն Շուշիի  կայացած ավանդույթներից մեկն է և նրա մշակութային այցեքարտը։ Ուրախ ենք, որ ամեն տարի այստեղ համախմբվում են  հետաքրքիր  արվեստագետներ, ովքեր իրենց  մտքի  և  երևակայության արգասիքը որպես նվեր են հանձնում քաղաքին»։

 2011 թվականին ստեղծված Շուշիի Քանդակի պուրակում և Արցախի տարբեր վայրերում  այսօր տեղադրված են աշխարհի տարբեր երկրների արվեստագետների ստեղծած ավելի քան 5 տասնյակ քանդակներ։

             Քանդակագործները Շուշիում կաշխատեն մինչև հուլիսի 20-ը։  Այդ ընթացքում նախատեսվում են նաև վարպետության դասեր, կինոդիտումներ, սեմինարներ և այլն։

            Սիմպոզիում-2017-ի աջակիցներն են՝«Բեյզ Մեթըլս», «Գաբրո», «Մու-Մու» ընկերությունները։

 

Վերջին հայտարարություններ