Ընտրացանկ
Ազդագիր
Երաժշտությունը հանուն խաղաղության

Հունիսի 29-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ համերգ՝ «Երաժշտությունը հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի շրջանակներում: Նախագիծը  երաժիշտներ Վիտալի Վատուլյան /սաքսոֆոն/ և Մարիա Նեմցովան /դաշնամուր/ ստեղծել են մեկ նպատակով՝ համերգներով և վարպետության դասերով լինել հակամարտող և աղետներից տուժած երկրներում:   Նախագծի հիմնադիրներն արդեն երրորդ անգամ են  Արցախում: 

Նախորդ այցի արդյունքում  ստեփանակերտցի դաշնակահար Անահիտ Առուշանյանն է միացել  նախագծին և  ելույթ  ունեցել Ռուսաստանում: Այս անգամ համագործակցության առաջարկն ընդունել են  աշխարհի լավագույն կլառնետահարներից մեկը՝ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, արմատներով արցախցի Բորիս Ալահվերդյանն ու  ջութակահար Կարեն Շահգալդյանը/ՀՀ/:

Մինչ համերգը երաժիշտները վարպետության դասեր են տվել արցախցի երաժիշտ-կատարողներին:

Համերգին ներկա էր  նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Հունիսի 30-ին «Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծի համահիմնադիրներին և մասնակիցներին Շուշիում հյուրընկալել է Արցախի մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարը: Նարինե Աղաբալյանն արվեստագետների առաքելությունը որակել է որպես  վեհանձն  արարք, քանի որ հանդես են գալիս պատերազմավտանգ, դժվար իրավիճակներում գտնվող երկրներում և բոլորին հասանելի երաժշտության լեզվով փորձում են խաղաղության և մարդասիրության գաղափարներ տարածել: Նախարարի հետ  հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել վարպետության դասեր անցկացնել նաև գարնանը՝ արդեն ավելի երկար ժամանակով: Հյուրերը դատարկաձեռն չէին եկել․ որպես նվեր  երաժշտական փողային գործիք հանձնեցին: 

«Երաժշտությունը հանուն խաղաղության» նախագիծն ստեղծվել է 2011 թվականին: Ծրագրի շրջանակներում արդեն կայացել է մի քանի հարյուր համերգ՝ աշխարհի տարբեր երկրներում:

 

 

 

Վերջին հայտարարություններ