Ընտրացանկ
Ազդագիր
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին

Հունիսի 22-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին:

Ն. Աղաբալյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաև մշակութային երկխոսությունը:

Կարևորելով եվրոպացի խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը փաստել է, որ այդ ձևաչափը ևս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը և հավելել, որ նաև ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը հասանելի է դառնում Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար միտքն ու խաղաղարար ձգտումները:

Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը և փաստել, որ թեև արդեն 25 տարի է արցախցին ապրում է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել մշակութային կապերը տարբեր երկրների հետ: Նախարարն անդրադարձել է նաև մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են հատկապես զինծառայողների համար: Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից փոխանցում են նաև վեհ արժեքներ, որոնք, ցավոք, բացակայում են հակառակորդի դեպքում:

Որպես ասվածի ապացույց՝ Յորիս Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային վայրագությունները:

Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար և ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:

Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գ. Կարամպետյանը, աշխատակից Հ. Էվինյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանը: 

Վերջին հայտարարություններ