Ընտրացանկ
Ազդագիր
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Արցախում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը

Հունիսի 6-ին ԱՀ ու ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Ծրագրում Կոմիտաս էր, Սայաթ-Նովա և հայկական ժողովրդական երգերի մշակումներ:

Երգչախումբն առաջին անգամ Արցախ է եկել 1997 թվականին: Հերթական համերգը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում է կայացել: Հայաստանի պետական կամերային երգչախմբի  տնօրեն Արմեն Արաբյանի խոսքով  ցանկություն ունեն համերգներով լինել նաև Արցախի սահմանամերձ գյուղերում:

Ծրագրի շրջանակներում, հունիսի 7-ին երգչախումբը հանդես է եկել նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Համերգին ներկա էր նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:   

 

Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ) ստեղծվել է 2000թ. Հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ:

Որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր հրավիրվեց բազմամյա փորձ ունեցող «Մովսես Խորենացու» մեդալակիր, այնուհետև 2008թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, որի ղեկավարությամբ ՀԿԵ-ն կարճ ժամանակահատվածում ճանաչվեց Հայաստանի լավագույն կամերային երգչախումբ: 2008. երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ և վարանվանվեց Հայաստանի Պետական կամերային երգչախումբ /ՀՊԿԵ/:

ՀՊԿԵ 35 երաժիշտներից կազմված պրոֆեսիոնալ երգչախումբ է, որի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Գաբրիելլիի, Բախի, Բրամսի, Վասքսի, Շնիտկեի, Դեբյուսիի, Բրիտենի, Շչեդրինի, Պուլենկի, և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:Երևանում հաճախակի տեղի ունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագիր՝ բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով Հայաստանի շրջաններում՝ ներկայացնելով երգչախմբային արվեստը Հայաստանի լայն հանրությանը:

Կամերային երգչախմբի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS Poetica» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը 2006թ.-ին համաշխարհային երաժշտական գեղխորհրդի կողմից ստացավ 5 աստղ ամենաբարձր վարկանիշը և մուտք գործեց The gramophone ամենահեղինակավոր երաժշտական կատալոգի մեջ:

Վերջին հայտարարություններ