Ընտրացանկ
Ազդագիր
«Վարդապետի լռությունը». Ստեփանակերտում կայացել է Վիգեն Չալդրանյանի ֆիլմի առաջնախաղը
Հունիսի 2-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում  տեղի է ունեցել «Վարդապետի լռությունը» ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի տեղեկացմամբ, ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2014 թվականի աշնանը՝Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ: 
«Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա սևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով՝հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: 
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի խոսքով իր ստեղծած գեղարվեստական ֆիլմը Կոմիտաս վարդապետի կենսագրության մասին չէ միայն, այլ նաև 100 տարի անց և հետո ծավալված դեպքերի: «Կոմիտասը մեր ազգային խիղճն է: Ֆիլմի առաքելությունն այն է, որ մեր ազգային վերածնունդը հենց մշակույթից պետք է սկսել, քանզի մեր մշակութային սուրբ երրորդություններն են եղել Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին և Կոմիտասը: Արյան կանչով եմ ստեղծել ես իմ ֆիլմը: Մենք դեպի ապագան ներսից մաքրված՝հային հարիր ազգային արժեքներով պիտի գնանք»,-ողջունելով հանդիսատեսին ասել է ռեժիսորը: 
«Վարդապետի լռությունը» ֆիլմի արցախյան առաջնախաղին նեկա էին  նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 
 
Վերջին հայտարարություններ