Ընտրացանկ
Ազդագիր
Մտորումներ ստեղնաշարի առջև.նվագում է Շահան Արծրունին

Մայիսի 30-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, բարեգործական համերգով հանդես է եկել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին: Կոմիտաս, Էդվարդ Միրզոյան, Ա.Հովհաննես, Բեթհովեն, Շուբերտ, Շոպեն՝համերգային հարուստ ծրագրում ճանաչված ու սիրված դաշնամուրային ստեղծագործություններ էին:  

Մայիսի 29-ին  դաշնամուրի մեծ վարպետը Շուշիում  հանդիպել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, ապա Ստեփանակերտում  վարպետության դասեր  տվել պատանի դաշնակահարներին:

Շահան Արծունին ծնվել է Ստամբուլում, ապրում է ԱՄՆ-ում: Ստամբուլի կոնսերվատորիան ավարտելուց հետո, հաճախել է Նյու Յորքի «Julliard» կոնսերվատորիան: Համերգային գործունեությունից բացի Արծրունին հայտնի է որպես ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող և պրոդյուսեր: Իր կատարումներով դաշնակահարը հանդես է եկել նշանավոր բեմերում, նվագել Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Ւսլանդիայի թագավորական պալատներում: Դասախոսել է Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի համալսարաններում, հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես եկել Կոնգրեսի գրադարանում: Դաշնակահարն աջակցում է տարբեր բարեգործական նախագծերի,մասնավորապես  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է:

1996 թվականին  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս.Սահակ և Ս.Մեսրոպ» բարձրագույն շքանշանով: 2015 թվականին անվանի դաշնակահարը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

 

Վերջին հայտարարություններ