Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում է Բուրունդիի հրեշտակը

Մայիսի 21-ին ճանաչողական այցով Արցախ է ժամանել «Ավրորա» մարդասիրական  մրցանակաբաշխության  առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Մայիսի 22-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ,Մարգարիտ Բարանկիցեն շրջայց է կատարել բերդաքաղաքում: Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ եկեղեցում մոմավառությունից հետո, հյուրերն այցելել են «Նարեկացի» Արվեստի միություն, ծանոթացել Շուշիի թանգարաններին, տեսարժան վայրերին: 

Մարգարիտ Բարանկիցեն  աշխատում է Բուրունդիի Խաղաղության տանը (Maison Shalom) և REMA  հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝խնամելով որբերին ու փախստականներին: Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուտու՝ 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին: Այդ դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին: Նա փրկել է 30.000 երեխայի: 2008 թվականին հիմնել է հիվանդանոց, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80.000 մարդ: «Ավրորա» մրցանակը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության  ընթացքում Բուրունդիի REMA  հիվանդանոցի և Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն  դարձավ առաջին մրցանակակիրը: Նա գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝փրկելով հազարավոր կյանքեր և օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին: Հետևելով այս բացառիկ մրցանակի կանոններին՝դափնեկիրը 1 մլն դոլար դրամաշնորհը տրամադրել է իրեն ոգեշնչած կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն»  (Լյուքսենբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և Լյուքսենբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամներին:

 

Վերջին հայտարարություններ