Ընտրացանկ
Ազդագիր
Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը՝ցուցահանդես Շուշիի արվեստի կենտրոնում

Մայիսի 20-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, ՌԴ մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերով Շուշիի արվեստի կենտրոնում  բացվել է Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդես:

Սանկտ-Պետերբուրգի  Կրոնների պատմության թանգարանի  պատասխանատուները ցուցահանդեսին ներկայացնելու համար Արցախ են բերել 60-ից ավելի բացառիկ նմուշներ, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ:

Սանկտ-Պետերբուրգի  Կրոնների պատմության թանգարանի տնօրենի տեղակալ Եկատերինա Տերյուկովայի  խոսքով՝ ցուցահանդեսն  Արցախի հետ համագործակցության առաջին քայլն է:

Կարևորելով ցուցահանդեսի պատմական նշանակությունը՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը խորհրդանշական է համարել դրա կազմակերպումն Արցախի հոգևոր կենտրոնում: «Ցավոք, Շուշիի շատ եկեղեցիներ են ոչնչացվել, դրանք նույնիսկ լուսանկարներում չեն պահպանվել: Նման ցուցահանդեսները կոչ են՝ պահպանելու այն, ինչ ստեղծվել է հազարամյակների ընթացքում»,-ասել է Նարինե Աղաբալյանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Շուշիի արվեստի կենտրոնում «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 22-ը:

Վերջին հայտարարություններ