Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում նշվում է Թանգարանների միջազգային օրը

Մայիսի 18-ը՝Թանգարանների միջազգային օրը, Արցախում նշվում է մի շարք միջոցառումներով, այս տարի ՝ «Ցավալի պատմություններ.դժվար պատմելին թանգարաններում» խորագրով:

ԱՀ  մշակույթի և երտասարդության հարցերի նախարարությունը նպատակ ունի հանրությանը ներկայացնել այն բոլոր բռնությունները, որոնք տարբեր ժամանակներում գործադրվել են հայ ազգի նկատմամբ: Անկախ այն բանից, թե որ ժամանակաշրջանում է բռնությունն իրականացվում, դա հայ ժողովրդի համար դառնում է ցավոտ պատմություն և դժվար պատմելի թանգարաններում:

Ստեփանակերտում  «Տատիս սնդուկը»  ցուցահանդեսին ներկայացվել են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, ազգային արժեք ներկայացնող հազվագյուտ  ցուցանմուշներ՝ Արցախի տարբեր շրջաններից:

Արցախի պատմաերկրագիտական պետական թանգարանում  կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով  ցուցահանդես, որին ներկայացված լուսանկարներում մեր հայրենիքի այն հատվածներն են, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից. Նախիջևանի ավերված եկեղեցիները, Ջուղայի գերեզմանոցի ջարդված ու քանդված  խաչքարերը, Բաքվի հայկական եկեղեցին: Նկարների մեծ մասի հեղինակը լուսանկարիչ Ֆրեդերիկ Բեռլեմոնն է, ով հնարավորություն է ունեցել խորհրդային ժամանակներում  շրջագայել Ադրբեջանում: Մյուս լուսանկարները  հուշարձանագետ  Սամվել Կարապետյանն է մեծ ջանքերով հավաքագրել:

Շուշիի պատմության թանգարանում  բացված  «Իմ  նախնիները»  ցուցահանդեսում ներկայացված են 80 տարվա լուսանկարներ: Մարտակերտի և Մարտունու թանգարաններում բացված ցուցահանդեսները  պատմում են ապրիլյան պատերազմի  բռնությունների   և 60-ական թվականներին ադրբեջանցիների կողմից բերդաշենցի փոքրիկ տղայի սպանության մասին:  

ԱՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր  13 թանգարաններն ՝ իրենց մասնաճյուղերով  մայիսի 18-20-ը գործելու են մինչև ուշ երեկո, և այցելուները հնարավորություն  կունենան  ևս մեկ անգամ ծանոթանալ մեր պատմությանն ու ազգային արժեքներին: Մայիսի 20-ին  կայանալու է այս շարքի վերջին՝ «Թանգարանների  գիշեր»  միջոցառումը: 

Վերջին հայտարարություններ