Ընտրացանկ
Ազդագիր
«Աշխարհը Լոռվա ձորերում» ՝առաջնախաղ արցախյան բեմում

Ապրիլի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Վ. Օվյանի «Աշխարհը Լոռվա ձորերում» թատերախաղի բեմադրությունը: Բեմադրող ռեժիսոր՝Ռուզաննա Խաչատրյան, ռեժիսորի օգնական՝Յունոնա Մալենկո, նկարիչ-ձևավորող՝Անտոն Քեշիշյան, զգեստների ձևավորող՝Տարոն Քեշիշյան:

 «Հիմա թատրոնը լուրջ խաղացանկ ստեղծելու խնդիր ունի: Խաղացանկի մեջ պետք է ընդգրկված լինեն տարբեր ոճերի ստեղծագործություններ՝ մանկականից մինչև դրամատիկական, և  դրանց կողքին պետք է իր ուրույն տեղն ունենա հայկական դրամատուրգիան»,- կարծում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ավելացնում, որ հայկական արժեքավոր գործերը պետք է տեղ գտնեն թատրոնի խաղացանկում: Նրա խոսքով՝ թատրոնը ծառայում էր ազգայինը պահելու լուրջ առաքելությանը և այսօր փորձում են նորից վերականգնել դա, հանդիսատեսին ներկայացնել մեր լավագույն ստեղծագործությունները, նորից շունչ տալ ազգայինին:

Պիեսը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում բեմադրվել է 1969 թվականին (հեղինակ՝ Վազգեն Օվյան), Թումանյանի դերում խաղացել է Բենիկ Օվչյանը: Այն մեծ հաջողություն է ունեցել, շատերն այսօր էլ հիշում են այդ փառահեղ ներկայացումը:

Չնայած բեմական համապատասխան պայմանների բացակայությանը, թատրոնի անձնակազմին հաջողվել է դերասանական հիանալի խաղի, հետաքրքիր անցումների միջոցով հանդիսատեսին փոխանցել թումանյանական շունչը, տեղափոխել դեպի Լոռվա ձորերի աշխարհը:

Առաջնախաղին ներկա էր ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

 

 

Վերջին հայտարարություններ