Ընտրացանկ
Ազդագիր
Վալերի Գասպարյանը 70 տարեկան է

Մարտի 27-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, ակորդեոնահար, Վալերի Գասպարյանի հոբելյանական երեկոն:

Ճանաչված ու սիրված մանկավարժ-երաժիշտը ծնվել է Ստեփանակերտում, ուսում ստացել Երևանում, վերադարձել ու աշխատել հայրենիքում: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ակորդեոնի դասարանի առաջին դասատուն էր և այսօր էլ շարունակում է դասավանդել ու սերունդ կրթել: Պատերազմի տարիներին էլ դիրքերում էր՝իր ակորդեոնով՝ուսումնարանի ժողգործիքների համույթի կազմում: Նրա ավանդը գնահատվել է ամենաբարձր մակարդակով: 2008 թվականին Վալերի Գասպարյանն արժանացել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գորչի պատվավոր կոչման: 

Սրտացավ, հոգատար, պատասխանատու, զուսպ, համեստ  և գործում, և վերաբերմունքում՝այսպես են նրան բնութագրել  գործընկերները՝Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին ճանաչված ու սիրված ստեղծագործություններ հոբելյարի ու իր ընկերների կատարմամբ: Վալերի Գասպարյանին շնորհավորեց նաև որդին՝հայտնի ջազային երաժիշտ և գործիքավորող Կարեն Գասպարյանն ընկերների՝Սիմոն Դոլմազյանի (կոնտրաբաս), Տիգրան Սանոսյանի (հարվածային գործիքներ) նվագակցությամբ:

Շնորհավորելով հոբելյարին՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է  Վալերի Գասպարյանի վաստակը մեր մշակույթի զարգացման, բարձրակարգ երաժիշտների ուսուցման ու դաստիարակման գործում.

«Վալերի  Գասպարյանը մեր այն երաժիշտն է, ով կարողանում է իր բարձր արվեստով ըստ արժանվույն ներկայացնել Արցախի մշակույթը: Նա միշտ էլ աչքի է ընկել իր բարձր պրոֆեսիոնալիզմով և այս երեկոն, որ կազմակերպել ենք ի պատիվ նրա, մի յուրօրինակ ինքնախոստովանություն է, որ մենք արվեստագետի այս տեսակը մեզանում պահելու խնդիր ունենք: Մենք ուրախ ենք, որ նա շարունակում է ազնիվ ծառայությամբ իր ներդրումը բերել մեր հայրենի մշակույթին՝ իր անձնական օրինակով կրթել ու դաստիարակել սերունդներին: Նա փայլուն և տաղանդավոր երաժիշտ է: Մենք շնորհակալ ենք նրան իր տեսակի, իր վաստակի համար»,-մասնավորապես ասել է Նարինե Աղաբալյանը:

Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: 

Վերջին հայտարարություններ