Ընտրացանկ
Ազդագիր
Հայաստանի պետական ջազ նվագախմբի մշակութային վերջին կանգառն Արցախում էր

Մարտի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը:ՀՀ մշակույթի նախարարության  նախաձեռնությամբ  և «Փյունիկ»  մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի  աջակցությամբ  կյանքի  է կոչվել  «Մշակութային կանգառ»  նախագիծը, որի շրջանակներում 2017 թվականի ընթացքում  ՀՀ տարբեր մարզերում և Արցախում կանցկացվեն 426 միջոցառումներ՝համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ: Ջազ նվագախմբի  համերգն  Արցախում այդ շարքից է:

Նվագախումբը համերգային ծրագիրը  բացեց Գլեն Միլլերի «Լավ տրամադրություն» ստեղծագործությամբ՝ապահովելով այդ տրամադրությունը ողջ երեկոյի ընթացքում:Մենակատարներ Անահիտ Շահբազյանի, Անուշ Բադալյանի, Գեորգի Բունիաթյանի և նվագախմբի կատարմամբ հնչեցին հայտնի ջազային ստեղծագործություններ  և  Կ. Օրբելյանի, Ա. Այվազյանի, Ա.Բաբաջանյանի, Ռ.Ամիրխանյանի, Ա.Գրիգորյանի երգերը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի խոսքով նման հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի  կլինեն:

Ջազային երեկոյին ներկա էին ԱՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերին նախարար Նարինե Աղաբալյանը:

Հ.Գ Հայաստանի պետական ջազ նվագախումբը 1938 թվականին տաղանդավոր կոմպոզիտորներ և երաժիշտներ Արտեմ Այվազյանի  ու Ցոլակ Վարդազարյանի կողմից հիմնադրված՝ողջ Անդրկովկասում  առաջին ջազ նվագախմբի անմիջական հետևորդն է:  Աչքի ընկնելով բարձր պրոֆեսիոնալիզմով՝երաժիշտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժամանակակից գործիքավորումների և մշակումների հանդեպ: Նրանց հաջողվել է գտնել սեփական յուրահատուկ ոճը, որի հիմքում հայկական ազգային արմատներն են:

2008 թվականին  Ազգային երաժշտական  ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի պետական ջազ նվագախումն արժանացել  է  Տարվա լավագույն ջազ-նվագախումբ մրցանակին:

 

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...