Ընտրացանկ
Ազդագիր
Մեր մաեստրոն 70 տարեկան է
Մարտի 1-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանի հոբելյանական երեկոն.մաեստրոն 70 տարեկան է: 
Շնորհավորելով արվեստագետին՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ Արցախում երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Գևորգ Մուրադյանին շնորհվել է ԱՀ ժողովրդական արտիստի կոչում: «Ես համարում եմ, որ ոչինչ պատահական չի լինում, և մաեստրոն պատահական չի հայտնվել Արցախում: Դժվար չէ հիշել 2004 թ.-ը, երբ մաեստրոն, գալով Արցախ, իր հետ բերեց երաժշտության կենարար շունչը և ներարկեց Արցախում ապրող մարդկանց: Այսօր արդեն Արցախի պետական կամերային նվագախումբը մեր կարևորագույն խորհրդանիշներից է, որը ներկայացնում է ոչ միայն դասական երաժշտարվեստը, այլև Արցախը՝ ողջ աշխարհին»,- ասել է Նարինե  Աղաբալյանը: 
Երախտագիտություն հայտնելով  շնորհված բարձր կոչման համար՝արվեստագետն ասել է. «Ես ուղղակի իմ գործն եմ կատարել, դա տեսել ու գնահատել են ժողովուրդն ու իշխանությունները: Այնպես որ, չեմ ամաչում այս կրծքանշանը կրելուց, ես վաստակել եմ այդ իրավունքը: Երջանիկ եմ, որ Աստծո կամոք այստեղ եմ գտնվում, սա իմ հարազատ հողն ու ջուրն է: Այստեղ արյուն են թափել մեր ազատամարտիկները՝ հանուն այսօրվա: Մենք էլ ենք ազատամարտիկ, մենք էլ մեր արվեստով ենք պայքարում՝ ակտիվ մասնակցելով պետականաշինության գործին»: 
Մաեստրոյի ծննդյան տարեդարձը շնորհավորել է  ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Ես ուրախ եմ, որ հենց սկզբից ինձ բախտ է վիճակվել ձեր անցած ճանապարհի որոշ հանգրվաններում լինել ձեզ հետ: Կամերային նվագախումբ ստեղծելը ոչ միայն շատ ճիշտ որոշում էր, այլև շատ կարևոր էր, որ այդ ճանապարհի գլխավոր դերակատար է ընտրվել հենց Գևորգ Մուրադյանը: Վստահ եմ՝ հետագայում Դուք ավելի մեծ բեմեր եք նվաճելու»,- մասնավորապես ասել է Աշոտ Ղուլյանը:
Բարձր գնահատելով Գևորգ Մուրադյանի  աշխատանքը կամերայինի ստեղծման, դասական երաժշտարվեստի զարգացման ու  տարածման, նոր հերթափոխի դաստիրակման գործում՝ հոբելյարին շնորհավորել են ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության պատվիրակները՝փոխտնօրեն Հովհաննես Յորբեկյանի գլխավորությամբ, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթն ու մենակատար, ԱՀ վաստակավոր արտիստ Տաթևիկ Բալայանը, նվագախմբի անունից՝տնօրեն ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Սարգսյանը: 
Հոբելյանական երեկոյին, Արցախի պետական կամերային նվագախմբի կատարմամբ, հնչել են  տարբեր տարիների համերգային ծրագրերից սիրված ու ճանաչված ստեղծագործություններ: 
 
 
Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...