Ընտրացանկ
Ազդագիր
ՀՀ Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ  Հայաստանի  Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին յոթ նկարչի և եվ երկու քանդակագործի՝ հիսունից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ու Արցախի մշակույթի  և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:«Շուշի քաղաքի թանգարաններ »ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին և հյուրերին է ներկայացրել  արցախցի երիտասարդ արվեստագետների՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները և հույս հայտնել, որ ցուցահանդեսը խորհրդարանում մեկնարկային կդառնա արցախցի արվեստագետների համար: Լուսինե Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, պատգամավոր Կարինե Աճեմյանին ու հանձնաժողովի փորձագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հակոբյանին ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ արվեստագետներին, կարեվորել է այն փաստը, որ այսօր Արցախում ապրում ու ստեղծագործում է անկախության սերունդը, որով հպարտանում է ամբողջ հայ ժողովուրդը: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հաղթանակը որեւէ բնագավառում հայության հաղթանակն է ու ձեռքբերումը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս նկարիչների մանկությունը համընկել է պատերազմական տարիների հետ, սակայն անկախության տարիներին հասակ առած երիտասարդների կտավներից անսպառ լույս ու ազատություն է ճառագում:
Ներկաները  շրջել են ցուցասրահում, ծանոթացել Արցախի արևն ու գույներն իրենց մեջ ամփոփած կտավներին:
 
Վերջին հայտարարություններ