Ընտրացանկ
Ազդագիր
Տեղի է ունեցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

Հունվարի 23-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Նարինե Աղաբալյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բնորոշելով 2016 թվականը՝ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարն ասել է.«Մշակութային կյանքը հագեցած էր, բայց զուսպ: Ապրիլյան պատերազմով պայմանավորված՝որոշ ծրագրեր վերանայվել են, իսկ ընդհանուր առմամբ  ողջ տարվա ընթացքում 424-ից ավելի տարաբնույթ միջոցառումներ  են իրականացվել`288 մշակութային, 136`երիտասարդական»:

Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես, տարբեր նվիրատվությունների շնորհիվ համալրվել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի /69 նկար և քանդակ/, Երկրաբանության պետական թանգարանի /8 ցուցանմուշ/ ֆոնդերը: Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցություն է սկսվել Շուշիի պատմության թանգարանի ֆոնդի համալրման և ցուցադրության արդիականացման նպատակով: Նույն նպատակով համագործակցություն է սկսվել նաև առանձին անհատների հետ: Աշխատանքներ են սկսվել նաև Բերձորի պատմաերկրագիտական թանգարանի գործունեության ակտիվացման ուղղությամբ:

Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել Արցախի պատմաերկրագիտական թանգարանի ժամանակավոր տեղափոխման նպատակով:

Վերջին տարիներին Արցախի  թանգարանները բավականին ակտիվ ձևով մասնակցում են նաև Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» ծրագրին, ինչպես նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին և նշված ծրագրերի շրջանակներում  գրեթե բոլոր թանգարաններում 2016-ին նույնպես կազմակերպվել  են տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն:

Ընդհանուր առմամբ, թանգարաններում և Ստեփանակերտի պատկերասրահում  կազմակերպվել են 6 տասնյակ ցուցահանդեսներ, 37 դաս-դասախոսություններ և 130-ից ավելի այլ միջոցառումներ /համերգներ, վարպետության դասեր, մրցույթներ, էքսկուրսիաներ/: Տարվա կտրվածքով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և Ստեփանակերտի պատկերասրահի կողմից  սպասարկվել է շուրջ 30 000 այցելու:

Շարունակվել է համագործակցությունը Երևանի Մատենադարանի հետ՝ Արցախի Մատենադարանի՝ «Գանձասար» գիտա-մշակութային կենտրոնի գործունեության ապահովման նպատակով: Գանձասարի մատենադարանը 2017-ից արդեն գործում է իրավաբանական կարգավիճակով և հաստատված բյուջեով: Տարվա ընթացքում, Մայր ինստիտուտի հետ համագործակցությամբ կկազմակերպվեն մի շարք կրթական և գիտական միջոցառումներ, նաև միջոցառումներ նվիրված Գանձասարի եկեղեցու օծման 777-ամյակին: /Արցախի մատենադարանի մասին ֆիլմի նկարահանում, մանրանկարչության դասընթաց երեխաների համար, Գանձասարի 777-ամյակին նվիրված՝ ձեռագրերի և վավերագրերի նոր ցուցադրություն և այլն/:

Տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերվել Շուշիի գորգերի թանգարանին՝ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

 Գրադարանների ոլորտ

Տարբեր նվիրատվությունների և «Հրատարակչական ծախսեր» ծրագրի շրջանակներում համալրվել են Արցախի գրադարանների ֆոնդերը /ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2000 կտոր գրականություն, «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի կողմից՝ 604 կտոր գրականություն և այլն:

Մշակութային ինքնության վերարտադրություն

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության կարևորագույն ծրագրերից էր Արցախում ազգային նվագարանների նվագախմբի ստեղծումը Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի բազայի վրա: Կարևոր միջոցառումներից էր «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնն Արցախում, որն իրականացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվել են ազգագրական պարերի ուսուցման դասեր Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի և ԼՂՀ արվեստի դպրոցների պարուսույցների և ինքնագործ խմբերի: Իրականացվել է  «Արցախի բարբառի դարձվածաբանական բառարան»ի հրատարակությունը: Երևանի Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կազմակերպվել է Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» գրքի շնորհանդեսը և «Արցախի դեկորատիվ-կիրառական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, կազմակերպվել է Արցախի բարբառով էպոսասացության հանրապետական մրցույթ:

Նախարարությունը շարունակել է աջակցությունը արհեստագործ վարպետներին՝ արհեստագործական ստուդիաների գործունեության ապահովման և ցուցահանդես-վաճառքների կազմակերպման միջոցով:

Հայաստանի ազգային արխիվից ձեռք են բերվել Արցախի մշակույթին և ազգագրությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի լուսապատճեններ (210 թերթ):

Շարունակվել է «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիրը:

2016-ին մշակութային կրթության  ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում 2016-2017 ուսումնական տարում բացվել են արվեստի դպրոցների 4 մասնաճյուղեր, ինչի շնորհիվ ստեղծագործական զարգացման հնարավորություններ են ստեղծվել գյուղական բնակավայրերի ևս 150 երեխաների համար:

Մշակութային կրթության ոլորտում 2016-ը նշանավորվել է նաև շենքային պայմանների բարելավմամբ, մասնավորապես, շահագործման են  հանձնվել  Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նորակառույց շենքը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի նոր մասնաշենքը:

Նոր մեդիաարտադրանքի ստեղծման, ինչպես նաև արցախյան մշակույթի մասին համապարփակ տեղեկույթով համացանցային ռեսուրսները համալրելու նպատակով  ստեղծվել են նոր տեսահոլովակներ և ստեղծագործություններ: Համացանցում լայն ճանաչում են գտել «Արցախի ձայներ» խմբի նոր տեսահոլովակները (միլիոնավոր դիտումներ), որոնք ստեղծվել են խմբի հովանավոր, բարերար Սամվել Կարապետյանի շարունակական աջակցության շնորհիվ:

Աջակցություն է ցուցաբերվել թատրոններին՝նոր բեմադրությունների համար: Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի ստեղծագործական կազմը համալրվել է երիտասարդ կարող ուժերով:

Շրջաններում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված կարևորագույն ծրագրերից էր «Մշակութային խաչմերուկ» հանրապետական չորրորդ մրցույթ-փառատոնը, որի նախընտրական փուլին մասնակցել է 53 գյուղական համայնք՝ 366 մասնակիցներով,  հանրապետական փուլ է անցել 32 համայնք՝ 193 մասնակիցներով:

ԼՂՀ մշակութային կոլեկտիվների կողմից շուրջ 77 համերգներ և ներկայացումներ են իրականացվել հանրապետության տարբեր բնակավայրերում:

Մշակութային երկխոսության և համագործակցություն

2016-ին կայացել է Հ. Գուրջյանի անվան քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են  քանդակագործներ՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, ՀՀ-ից, Արցախից:

Կայացել է նաև «Արցախ էթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնը, որը մշակութային ինքնության պահպանման, ազգային և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանման քաղաքականության նպատակ ուներ: Փառատոնին մասնակցել են ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր թվով 11 մասնակից՝ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից և Արցախից:

Արտերկրից ժամանած անհատ կատարողների և մշակութային խմբերի, հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ տասնյակ միջոցառումներ են  կազմակերպվել Արցախում: Այդ թվում՝«Հիշիր այս ակնթարթը» միջազգային երաժշտական փառատոնային համերգը՝ նվիրված Մ. Թարիվերդիևի 85-ամյակին,«Сегодня ночью» ռուսաստանյան  ռոք խմբի համերգը, Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության երաժիշտ-կատարողների համատեղ համերգները:  «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում համերգներով հանդես եկան Արցախում սփյուռքահայ 10 պարախմբեր:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունն ապահովել է արցախցի արվեստագետների մասնակցությունը միջազգային և հայաստանյան մի շարք մրցույթների, արձանագրելով հաջողություններ այդ հարթակներում: Մասնավորապես, արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը մասնակցել է Բուլղարիայում կայացած «Օրփեոսի ժառանգները» երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին, արժանանալով «Գրան պրի» մրցանակի, Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի աշակերտները մասնակցել են Սոչիում կայացած «Ակվա տեմպ» 13-րդ միջազգային խորեոգրաֆիկ մրցույթ-փառատոնին, նույնպես արժանանալով «Գրան պրի»-ի: Ապահովվել է Արցախի շնորհաշատ 16 երեխաների մասնակցությունը Գյումրիում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին, 5 հոգի  արժանացել է 1-ին մրցանակի, 8-ը զբաղեցրել են 2-րդ մրցանակային տեղը, 1-ը՝  3-րդ  տեղ/: Արցախի ազգային նվագարանների նորաստեղծ նվագախումբը մասնակցել է հայ երաժշտարվեստի երախտավոր Թաթուլ Ալթունյանի ծննդյան 115-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական 1-ին մրցույթ-փառատոնին, արժանանալով 1-ին մրցանակի:  Մանկական «Նոր ալիք» մրցույթում «Արցախի ձայն» նախագծի մասնակից Միքայել Գրիգորյանը գրավել է 2-րդ տեղը, որպես հյուր ներկա է գտնվել «Նոր ալիք» մրցույթին և ռուսական էստրադայի աստղերի հետ հանդես եկել  Рождественская "Песенка года" ծրագրում:

Տարվա ընթացքում ապահովվել է արցախցի երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի մասնակցությունը Բուդապեշտում կայացած կոմպոզիտորների վարպետության դասերին: Ապահովվել է «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությունը ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած «Հայաստանի ձայներ» փառատոնին, ինչպես նաև  համերգները ՀՀ և ՌԴ մի շարք քաղաքներում:

Արտաբյուջեով և պետական միջոցների հաշվին գույք և սարքավորումներ  են ձեռք բերվել  գործող մշակութային կազմակերպությունների և մշակութային կրթական հաստատությունների համար: Արտաբյուջետային միջոցներով Շուշիի հիմնանորոգված դահլիճի համար ձեռք է բերվել ռոյալ:

Երիտասարդության հարցերի ոլորտ  

Նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը 2016-ին ն սերտ համագործակցել է ինչպես պետական,  հանրապետության տարածքային կառավարման մարմինների և հասարակական կառույցների, այնպես էլ անհատ ձեռներեցների և ֆիզիկական անձանց հետ: Շարունակվել է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը. «Մասնագիտության ճիշտ կողմնորոշում» միջոցառման շրջանակներում կազմակերպվել է Ստեփանակերտի 8-9-րդ դասարանների աշակերտների այցելություններ՝Շուշիի Եզնիկ Մոզյանի անվանարհեստագործական ուսումնարան, կազմակերպվել է Արցախում գործող «Թումո» ստեղծարարտեխնոլոգիաների կենտրոնի, «Synergy systems», «Oteqsis», «Instigeit system» ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում Մարտակերտ քաղաքի հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտների հետ: «Վերապատրաստման դասընթացներ» միջոցառման շրջանակներում իրականացվել են «Անհատիառաջնորդական հմտությունների զարգացման» և «Ռազմավարության պլանավորում» դասընթաց-սեմինարները: 

Աշխատանքներ են տարվել երիտասարդական կայք էջի ստեղծման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է դասընթաց` Արցախի երիտասարդական կայքի համար լոգոյի և բրենդինգի ստեղծման նպատակով:

Կազմակերպվել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ինտելեկտուալ, ազգային ավանդական խաղեր, ազգային պարերի բաց դասեր, համերգային ծրագրեր, «Skype» զինծառայողների համար, «Ճանաչենք մեր երկիրը» հայրենաճանաչողական երիտասարդական արշավ դեպի Դադիվանքի և Կուսանաց անապատ վանական համալիր: Աջակցություն է ցուցաբերվել սահմանափակ ֆիզիկական կարողություններով երիտասարդների հարցերով զբաղվող կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին՝Արցախի 20 հաշմանդամ երիտասարդների մասնակցությունը «Երիտասարդ հաշմանդամների ճամբար Սևանա լճի ափին»: Ապահովվել է ԼՂՀ խուլերի միության  6 անդամների մասնակցությունը ՀՀ Սիսիան քաղաքում «Խարիսխ»  ՀԿ-ի կողմից կազմակերպված «Բիզնես կարողությունների զարգացում»  թեմայով դասընթացներին:

 Արշավներ և ուխտագնացություններ  են կազմակերպվել դեպի Դիզափայտ և Ամարասի վանական համալիր:

«Հոգևոր անվտանգություն» թեմայով ԼՂՀ 26 համայնքների երիտասարդների համար դասախոսություններ են կազմակերպվել. Արցախի երիտասարդների և ՀՀ-ից Արցախ ժամանած ուխտավորների մասնակցությամբ 18 այցեր և ուխտագնացություններ են կազմակերպվել Արցախում գործող  14 եկեղեցիներում.

«Երիտասարդության շրջանում ընտանեկան արժեքների քարոզչություն» ծրագրի շրջանակներում, ս.թ. հուլիսի 23-25-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տուրիստական ճամբարի տարածքում կազմակերպվել է «Ընտանեկան ճամբար-2016» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել է  25 ընտանիք: Կազմակերպվել է միջոցառմանը հաղթող ճանաչված ընտանիքների անդամների այցելությունը Տաթևի վանք: Իսկ առաջին տեղ գրաված ընտանիքը հնարավորություն է ստացել հանգստանալու ՌԴ Սոչի քաղաքում:

Տարբեր կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությամբ Նախարարությունը մասնակցել է  հայ առաքելական եկեղեցու Տաղավար տոների նշանավորման միջոցառումների կազմակերպմանը:

2016թ.հուլիս-սեպտեմբեր ամիսներին, յուրաքանչյուր հինգշաբթի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել են հեղինակային երգի երեկոներ:

«Երիտասարդական քաղաքացիական և հասարակական նախաձեռնություններին աջակցություն, երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորման է ներկայացվել    «Միացյալ Հայաստան»  հայրենասիրական ՀԿ-ի «Ճանաչենք ու սիրենք մեր Հայրենիքը» ճանաչողական արշավների ծրագիրը, «Առաջ Արցախ» ԵՀԿ-ի «Մենք ուժեղ ենք միասին»   երիտասարդական ռազմահայրենասիրական ճամբարի ծրագիրը, ԼՂՀ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի «Պատարա» տուրիստական ճամբարի ծրագիրը, «Մտքի ուժը» ՀԿ-ի  «Թրեյնինգ կենտրոն» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը և  «Շեն» ԲՀԿ մասնաճյուղի վարչության  «Պատանի բնագետների ամառային դպրոց» կրթական ծրագիրը:

Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացման ու զարգացման, համայնքների զարգացման գործում երիտասարդների գործուն մասնակցության խթանման, միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության ակտիվացման ու զարգացման նպատակով շարունակվել է «Արցախի երիտֆորում» ծրագիրը՝ մարտի 18-20-ը Ստեփանակերտի Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, իսկ օգոստոսի 9-11-ը ԼՂՀ Շուշիի շրջանի Բերդաձորի համայնքում,  մասնակցել է շուրջ 135 երիտասարդ` ԼՂՀ շրջաններից և մայրաքաղաքից:

  Սումգայիթի ջարդերի թեմայով երիտասարդ լրագրողների համար դասախոսություն է կազմակերպվել՝ դասախոսՏիգրանՊետրոսյանի (ՀՀ) մասնակցությամբ: 

Ապահովվել  է Ստեփանակերտի «Վարանդա» թիմի մասնակցությունը Դիլիջանում` «Premier's Cup Dilijan-2016» գիտակների համաշխարհային խաղերի մրցույթ-փառատոնին,արցախցի 3 երիտասարդ լրագրողի մասնակցությունը Երևանում և Դիլիջանում հայ և գերմանացի փորձագետների կողմից անցկաված «Վորկշոփ` լրագրողներիհամար-2016»  միջոցառմանը:

Նախարարությունը կազմակերպել է Արցախի երիտասարդների այցելություն ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին՝ Արցախի տարածքում, Գորիսում,Սիսիանում, Երևանում,Սարդարապատում և Գյումրիում: Ակցիան անցել է «Ննջեցեք խաղաղությամբ: Ձեր գործը շարունակում ենք» խորագրի ներքո: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Հայրենյաց պաշտպան» Բերձորի մասնաճյուղի անդամներին, ԱրՊՀ ուսանողներին և Արցախի ակտիվ երիտասարդությանը` «Ուխտագնացություն դեպի Գարեգին Նժդեհի գերեզման» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Ապահովվել է   «Արցախ» և «ԱրՊՀ» ջոկատների անդամների մասնակցությունը «Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքին,  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ ակումբ» ՀԿ թիմի անդամների մասնակցությունը` «Արմենիա» հեռուստաալիքի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին, Ստեփանակերտի «Վարանդա» թիմի մասնակցությունը ՀՀ ինտելեկտուալ առաջնությանը:-

Աջակցության է ցուցաբերվել ԼՂՀ ուրախների և հնարամիտների ակումբի «Աղուհացով» թիմին` ՌԴ հյուրախաղերին մասնակցելու նպատակով ԼՂՀ մշակույթի ևերիտասարդության պալատի դահլիճում փորձնական խաղերի իրականացման նպատակով, Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին`  «Հաշմանդամ երիտասարդների համար ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է մի խումբ հաշմանդամների այցելություն դեպի Տաթևի վանք, Խնձորեսկի կամուրջ, Մխիթար Սպարապետի գերեզման:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Ուսանողներն` ուսանողների համար»  համերգը:

2017 թվականին  մշակութային պետական քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը,  կառավարման արդյունավետության բարձրացմանը, մրցակցային միջավայրի ապահովմանը, ստեղծագործական գործընթացների խթանմանը, արցախյան  մշակույթի ճանաչելիության բարձրացմանը ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Մշակույթի զարգացման մարտահրավերներից ու խնդիրներից ելնելով, քայլեր կձեռնարկվեն   մշակույթի համակարգի ենթակառույցների օպտիմալացման, նոր ռեսուրսների ստեղծման, մշակութային ծառայությունների բազմազանության և մատչելիության    ապահովման  ուղղությամբ: Կշարունակվեն ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերը:

 « 2016-ի տարեվերջին մենք հնարավորություն ունեցանք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և   Արցախ այցելած արվեստի գործիչների հետ ամենաբարձր մակարդակով քննարկելու ոլորտի խնդիրները և, կարծում եմ, նոր տարում նկատելի կլինի Արցախ-Հայաստան մշակութային համագործակցության  ակտիվացումը:  2017-ը Շուշիի ազատագրման և հայկական բանակի կազմավորման 25-ամյակի տարի է, հետևաբար, մենք այլ ելք չունենք, քան մեր գործունեությամբ ամրագրել մեր հաղթանակները»,-ամփոփելով լրագրողների հետ հանդիպումն՝ ասել է Նարինե Աղաբալյանը:

 

 

 

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...
  • 03 Ապրիլ 2017
    Հարգելի հայրենակիցներ Մայիսյան Եռատոնին ընդառաջ Արցախի Հանրապետության...
  • 22 Մարտ 2017
    ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ, ոչ...
  • 04 Մարտ 2017
    ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով...
  • 24 Օգոստոս 2016
    Սիրելի հայրենակիցներ,ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր՝2016-2017 ուսումնական...