Ընտրացանկ
Ազդագիր
Հուշ-երեկո՝նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին

Դեկտեմբերի 8-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո`նվիրված 20-րդ դարի հայ ականավոր կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին: Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները հնչել են Արցախի Հանրապետության ազգային նվագարանների նվագախմբի կատարմամբ /Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր`Լևոն Սարդարյան/:

Ազգային նվագարանների նվագախումբն ընդամենը մեկ տարեկան է, ստեղծվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի նվագախմբի հիմքի վրա: Իր առաջին համերգային ծրագիրը համույթը նվիրել է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան հոբելյանին: Հայ երգի ու երաժշտության ասպարեզում Ավետիսյանն այն եզակի արվեստագետն էր, ում ստեղծագործությունները բխում են  հայ ազգային մեղեդիների ոգուց և միահյուսված են դրան: Նրա երգերը դարձան երաժշտական կամուրջ, որը կապեց հայ գուսանական, աշուղական երաժշտությունն արդեն  ժամանակակից, պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի հետ: Դրանում համոզված են  նաև նրանք, ովքեր պատիվ են ունեցել ուսանելու մեծ երգահանի մոտ: Երեկոյի ընթացքում իրենց ուսուցչի մասին  հուշերով կիսվեցին  մեծանուն երգահանի   աշակերտները`Լևոն Սարդարյանը, Հակոբ Խալաթյանն ու Անուշ Կիրակոսյանը: Քամանչահար, գեղանկարիչ, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանը, արձագանքելով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրավերին, համաձայնվել է տեղափոխվել Շուշի և իր մասնագիտական կարողությունները ներդնել Արցախում  ազգային երաժշտարվեստի զարգացման գործում: Ճանաչված քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանն  Արցախ է ժամանել ոչ միայն իր ուսուցչի հոբելյանը նշելու, այլև արցախցի քանոնահարների հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:  

Համերգային ծրագրում Խաչատուր Ավետիսյանի մեղեդիները հնչել են  և նվագախմբային կատարմամբ, և մենակատարումներով:

Հուշ-երեկոյին ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Հ.Գ Խաչատուր Ավետիսյան (1926,ապրիլ 18,Գյումրի – 1996,Երևան ),հայ կոմպոզիտոր ,քանոնահար,ՀՀ ժողովրդական արտիստ (1984),ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985):Ծնվել է Լենինականում (այժմ՝Գյումրի):1945 թվականին բնակություն է հաստատել Երևանում:Երաժշտական կրտությունը նախ ստացել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժստական ուսումնարանում:Սովորել է Գիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում:1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան:Այստեղ նա եղել Էդուարդ Միրզոյանի ղեկավարության տակ: 1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այդ տարիներին ստեղծել է բազում ստեղծագործություններ քանոնի համար:

1951 թվականին մասնակցել ՝ Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին,որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ:Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ:1958 թվականից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար:Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները:Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար:Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Իմ անուշ տավիղ»,«Մախմուր աղջիկ», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», « Պարմանի», « Կարապների պար», « Հանինա», « Տոնական Հայաստան», « Իրիկնային», « Ճերմակ աղավնի», « Տավիղ», « Հուշեր» , Կոնցերտ հմր.2 քանոնի համար ,Կոնցերտ շվիի համար և այլն:1984 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման ,1985 թ.-ին ՝ ՀՀ Պետական մրցանակի,1965-ին ՝ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման,1961 թվականին ՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Վերջին հայտարարություններ