Ընտրացանկ
Ազդագիր
«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ՝Երևանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին

Դեկտեմբերի 2-ին Երևանում Թեքեյան կենտրոնում բացվել է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձներին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարչի՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի և քանդակագործներ` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի՝ թվով վաթսուն աշխատանք: Ձեռնարկը, որն իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի ու  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, բարեգործական է:  Ցուցանմուշների վաճառքից  գոյացած ամբողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ցուցահնդեսի մասնակիցներից, արվեստագետներ և արվեստասերներ: Շնորհավորելով հեղինակներին՝  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ասել է, որ հիմնադրամը կարեւորում է Արցախի մշակութային կենտրոնների հետ համագործակցությունը և սա արդեն երրորդ միջոցառումն է այս տարի. առաջին երկուսը եղել են Շուշիում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներ, սա էլ արցախցի արվեստագետների պատասխան այցն է Երևան: Արցախցի տաղանդաշատ երիտասարդներին ջերմ շնորհավորանքներ է Լոնդոնից հղել և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական և կյանքի կկոչվեն մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ ևս:

«Արցախի արվեստագետների ներկայացումը մեր իրականության մեջ բաց տեղ ունի. շատ դեպքերում հայաստանյան մշակույթն է ներկայացվում Արցախում, մինչդեռ հակառակը տեսնելու կարիքն ունենք: Այս միջոցառումն այդ իմաստով շատ կարեւոր է: Բացի այդ, ընտրված խորագիրը հստակ ընդգծում է ստեղծագործողների տեսակը` որպես անկախության սերնդի, և բնորոշում «ազատություն» գաղափարը երկու իմաստով` նախ ժողովրդի ու երկրի, երկրորդ` ստեղծագործական մտքի, քանզի արվեստում ազատությունն անփոխարինելի է», -ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Ներկաներին ողջույնի խոսք է հղել նաև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, և  կարեւորել համագործակցությունը Արցախի հետ:

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն արվեստաբան Լուսինե Գասպարյանի  խոսքով՝ ցուցահանդեսը յուրօրինակ խորհուրդ ունի, քանզի մասնակիցներն այն արվեստագետներն են, ում անհոգ մանկությունն ու խաղը խափանվել են ռմբակոծությամբ, ովքեր պատերազմ են ապրել և հիմա յուրովի են նայում կյանքին: Սակայն նրանք չեն ընկճվել, հակառակը` կյանքն ավելի պայծառ գույներով են տեսնում. նրանց ստեղծագործությունները լցված են լույսով, հույսով ու հավատով:

«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...