Ընտրացանկ
Ազդագիր
Ճանաչենք մեր երկիրը՝ երիտասարդական արշավ դեպի Դադիվանք

Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ  և Պաշտպանության բանակի աջակցությամբ  շուրջ 60 ակտիվ երիտասարդներ Արցախի երիտասարդական կազմակերպություններից, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկնեցին հայրենաճանաչողական արշավի դեպի Քարվաճառի շրջան՝Դադիվանքի վանական համալիր, որտեղ նրանց միացավ նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հանդիսապետությամբ  կատարվեց հոգեհանգստի արարողություն և մոմավառություն ՝ ի հիշատակ արցախյան պատերազմի նահատակների:

Արցախի կյանքում պատմական Ծար գավառի դերակատարության,Դադիվանքի  վանական համալիրի  պատմության մասին երիտասարդներին հանգամանալից տեղեկություններ նեկայացրեց Արցախի ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Արշավի մասնակիցների հաջորդ կանգառը Դադիվանքից 3 կմ դեպի արևմուտք տեղակայված Սուրբ Աստվածածին վանքն էր:Այստեղ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրույց ծավալվեց Արցախի նախագահի և երիտասարդների միջև: Բակո  Սահակյանը ողջունեց նման ձեռնարկները՝ընդգծելով, որ ոչ մի տեղեկություն չի կարող փոխարինել նման այցերը: Նա ներկայացրեց պետական բոլոր այն ծրագրերը, որ իրականացվում են Քարվաճառի շրջանում, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին և հորդորեց առավել ակտիվ հասարակական  կեցվածք ունենալ:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին հրավերն ընդունելու համար, մասնավորապես ասաց. «Ավելի լավ  ձևով հարգել մեր նահատակների հիշատակը, քան լինել իրենց արյան գնով ազատագրված տարածքներում ու ևս մեկ անգամ վերահաստատել, որ մենք տերն ենք այս հողի և տերն ենք  մեր հայրենիքի ու պատրաստ ենք անմնացորդ ծառայելու հայրենքին, կարծում եմ, չկա. սա լավագույն տարբերակն է»:

Հանդիպման ավարտին  կազմակերպվեց ճաշ և մշակութաժամանցային ծրագիր:

 «Ճանաչենք մեր երկիրը» հայրենաճանաչողական արշավը նվիրված է ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին և միտված է՝ նպաստելու երիտասարդության հայրենաճանաչողության բարձրացմանը, պատմամշակութային ժառանգության գիտելիքների ամրապնդմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությանը: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...