Ընտրացանկ
Ազդագիր
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն

Հոկտեմբերի 3-ին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և Գագիկ Ծառուկյան բարեգործական  հիմնադրամի հովանավորությամբ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ  «Գութան»  Հայաստանի ազգագարական երգի-պարի ամենամյա  փառատոնը, որը հիմնադրել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ ՝  նպատակ ունենալով մոռացությունից փրկել և նոր կյանք տալ մեր ազգային մշակույթին, մեր ավանդական երգ ու պարին և մեր հոգևոր արժեքներին: Փառատոնի մեկնարկը տրվեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով:«Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի և ոգու ուժի անպարտելիությունը, իսկ այսօր նույն տեղում՝Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով և բազմազանությամբ: Մենք արմատներով ենք հզոր, ուրեմն և պիտի թույլ չտանք կտրել մեզ մեր արմատներից»,-ասաց Նարինե Աղաբալյանը՝երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում այդ կապը:Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, հայտնելով, որ հիմնադրամի համար անչափ կարևոր է ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք միտված են ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:Փառատոնի բացմանը  Գութանի հիմնադիր Արսեն Գրիգորյանը իր ելույթում ընդգծեց, որ  փառատոնի մեկնարկն այս տարի նվիրվում է ապրիլյան պատերազմի անկախության սերնդի հերոս զինվորներին, ում շնորհիվ  ամրագրվեց և ամրապնդվեց մեր անկախությունը: Արցախում Գութան  փառատոնի ծրագիրը  ֆինանսավորելու համար ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով պարգևատրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:Հայկական մշակութային ժառանգության պահպանման զարգացման և Արցախի մշակութային կյանքում նշանակալի ավանդի համար «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգևատրվեց  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, շնորհակալագրեր հանձնվեցին նաև բոլոր մասանակից համույթներին:Ելույթ են ունեցել  «Ակունք»,«Կարին»,«Սասնա Ծռեր»,«Վերադարձ»,«Մենք ենք մեր սարերը»,«Տարոնցիներ»,«Մասունք»,«Տավրոս»,«Նուբար» երգի-պարի համույթները՝ ներկայացնելով  ամբողջական Հայաստանի,Կիլիկիայից մինչև  Արցախ, տարբեր գավառների  երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցուցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

«Գութան»  ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից թվականից:Արցախում փառատոնն առաջին անգամ է հյուրընկալվում:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...