Ընտրացանկ
Ազդագիր
Ստեփանակերտում կայացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը

Հունիսի 9-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում  կայացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը: Այս անգամ հանրաճանաչ քառյակն Արցախում էր հատուկ առաքելությամբ: Մայիսին Երևանի երաժշտական դպրոցներում, ապա Կոմիտասի անվան կամերային տանը կայացած բարեգործական համերգների ողջ հասույթը կոլեկտիվի անդամները որոշել են  հատկացնել Արցախի պաշտպանության բանակի վիրավոր  զինվորներին և  զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպումը վերջիններիս հետ կայացավ մինչ համերգը:

Համերգային նվագացանկում դասական, ժամանակակից և այլ բնույթի ստեղծագործություններ էին: Հնչեց նաև արցախահայ երիտասարդ կոմպոզիտոր Սիմոն Սարգսյանի կվարտետը՝ նվիրված Էդ.Միրզոյանի հիշատակին:

Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 Հ.Գ Կոմիտասի անվան ազգային քառյակը Հայաստանի առաջին քառյակներից է։Հիմնադրվելէ Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ  Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն  Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել  Տերյանի (ալտ) և Սերգեյ  Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով)։  2014 թ. նոյեմբերի 27-ին  ՀՀ Կառավարության  որոշմամբ  քառյակին  շնորհվել  է  «ազգային»  կարգավիճակ: Այն հանդիսանում  է աշխարհի  գործող  հնագույն  քառյակը: Իր պատմության ընթացքում քառյակի կազմը բազմիցս փոփոխվել է, այդուհանդերձ՝ անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով:

Կոմիտասի անվան ազգային քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը(1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը(ալտ), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ): Քառյակի նվագացանկն ընդգրկում է Կոմիտասի երգերի մշակումները, հայ, ռուս և արևմտաեվրոպական  կոմպոզիտորների  նշանակալից ստեղծագործություններ: 

Վերջին հայտարարություններ