Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում նշվել է Թանգարանների միջազգային օրը

Մայիսի 18-ին Արցախում նշվել է Թանգարանների միջազգային օրը: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և պատկերասրահներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

Արցախի  պետական պատմաերկրագիտական թանգարանն այցելուներին է ներկայացրել «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով ցուցահանդես: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը (Շառլ ազնավուրի անվան մշակույթի կենտրոն) առաջին անգամ կազմակերպել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես,որտեղ ներկայացվել են ընտանիքներում  կամ անհատների մոտ նախորդ սերունդներից  պահպանված ձեռագործ աշխատանքներ և կենցաղային իրեր: Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Մաքսիմ Հովհաննիսյանի  «Արցախապատում» շարքից «Թալիշ» գրքի շնորհանդեսը:

Բերդաշենի պատմության թանգարանը հանդես է եկել «Երկու սիրտ, մեկ հայրենիք»  դաս-դասախոսությամբ (Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց), Շուշիի պատմության թանգարանը՝«Շուշի. մոռացված քաղաքակրթության բեկոր» թեմայով ցուցահանդեսով, Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը` «Ապրիլյան պատերազմի հերոսները» դաս-դասախոսությամբ (Մարտունու Մ.Մաշտոցի անվան N 2 հիմնական դպրոց), Հադրութի Ա.Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը՝ «Անկախության գինը» դաս-դասախոսությամբ (Թաղասեռի միջնակարգ դպրոց), Քաշաթաղի երկրագիտական թանգարանը՝«Բերձորի ազատագրումը» թեմայով ցուցահանդեսով: 

Շուշիի երկրաբանության թանգարանն ու  Հադրութի Ա.Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի Մեծ Թաղերի  մասնաճյուղն այցելուներին են ներկայացել մշտական ցուցադրություններով:

Հ.Գ   Մարտի 18-ը Թանգարանների միջազգային օր է հռչակվել Թանգարանների միջազգային խորհրդի  (ICOM - The International Council of Museums)  որոշմամբ  1977 թվականի  մայիսի 18-ին  ԻԿՕՄ-ի 11-րդ կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978  թվականից  ամեն տարի այս օրը նշում են աշխարհի ավելի քան 150  երկրներ, այդ թվում Հայաստանը, երրորդ տարին է՝ նաև Արցախը:  1992 թվականից սկսած Թանգարանների միջազգային օրն ունի թեմա. ԻԿՕՄ-ը 2016-ի խորագիր է հռչակել «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...